19:12  +04,  2 օգոստոսի, 2018

Արթուր Գեւորգյան. Կան սպորտային կառույցներ, որոնք ճնշում են գործադրում մարզադպրոցների վրա

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նիստին, որի օրակարգում նախագահի ընտրությունն էր, Հայաստանի սպորտի նախարարությունից եւ ՀԱՕԿ-ից ներկայացուցիչներ պետք է լինեին, բայց չեկան: Կան սպորտային կառույցներ, որոնք ճնշում են գործադրում իրենց ենթակայության տակ գտվող մարզադպրոցների վրա, ինչն էլ խոչընդոտում է ֆեդերացիայի աշխատանքին:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Գեւորգյանը, որն օգոստոսի 2-ին վերընտրվեց Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում: ՀԲՖ 12-րդ համաժողովից հետո Գեւորգյանը պատասխանեց լրագրողների հարցերին:

«Անցած անգամ ես ժամանակավոր դադարեցրեցի նախագահի իմ լիազորությունները, որպեսզի դրանով շատ ավելի լայն հնարավորություն տամ մարդկանց, ովքեր ցանկանում են առաջադրվել այս պաշտոնում, անել ֆինանսական ներդրումներ հայկական բռնցքամարտում: Այս ընթացքում հայտնվեց մի երիտասարդ, որը ցանկություն հայտնեց գումարներ ներդրնել հայկական բռնցքամարտում, առաջադրվել նախագահի պաշտոնում, բայց չստացվեց: Կարծում եմ՝ այդքան իր մեղքը չէր, որքան այն մարդկանց, ովքեր ցանկանում էին  այդ երիտասարդին առաջադրել այս պաշտոնում: Նրան ճիշտ չէին բացատրել առաջադրվելու ձեւաչափը: 40 հոգով հավաքվել եւ ընտրել ֆեդերացիայի նախագահ, դա նույնն է, որ 105 հոգի հավաքվի եւ ընտրի երկրի վարչապետ. սա աբսուրդ է: Բացի այդ, ֆեդերացիայի նախագահ կարող է լինել միայն Հայաստանի քաղաքացի. ցավում եմ, որ այդ տղային դա էլ չէին տեղեկացրել: Ես նրա ազգանունը չեմ հիշում, Հովհաննես անունով մի երիտասարդ էր: Նրա հետ անձամբ չեմ խոսել, լրատվամիջոցներով եմ միայն տեսել իր հայտարարությունը, որ ցանկություն ունի առաջադրվել: Շատ ուրախ եմ, որ կար նման մարդ: Մեր դռները բաց են եւ այդ երիտասարդի ու մյուսների հետ մեր համագործակցությունը կարող է լինել ցանկացած ձեւով: Ուղղակի մնում է՝ այդ տղան գա, դիմի մեզ: Ոչ ոք չի հանդիպել ինձ հետ, հայտ չի ներկայացրել, կամ դա զուտ հայտարարություն էր: Չգիտեմ՝ պատճառը որն է: Զարմանում եմ, որ մեր սպորտի կառույցները եւս չեն տիրապետում օրենքին, առաջադրվելու կարգին: Խոսքը նախարարության կամ ՀԱՕԿ-ի մասին է: Գոնե այդ կառույցներից մեկը հուշեր, որ ֆեդերացիայի նախագահի պաշտոնում առաջադրվելու ընթացակարգն այդպես չէ: Ֆեդերացիայի նախագահի ընտրության օրը որոշում է ԱԻԲԱ-ն»,- ասաց Արթուր Գեւորգյանը:

Հարցին, թե ովքեր են փորձել խոչընդոտել Արթուր Գեւորգյանի առաջադրմանը եւ ովքեր չեն մասնակցել քվեարկությանը, ՀԲՖ նախագահը նշեց, որ կան մարզադպրոցներ եւ կառույցներ, որոնք աշխատում են ֆեդերացիայի դեմ:

«Այսօրվա նիստին նկատեցի, որ չմասնակցեց մարզադպրոցներից մեկը: Դրանք հիմնականում այն դպրոցներն են, որոնք աշխատում են պետական կառույցների ենթակայության տակ: Անընդունելի եմ համարում մարզադպրոցների վրա պետական կառույցների կողմից ճնշում գործադրելը: Սպորտը որեւէ մեկի սեփականությունը չէ: Եթե տվյալ մարզադպրոցները գտնվում են սպորտի նախարարության ենթակայության տակ, նշանակում է սպորտի նախարարության կողմից են եղել ճնշումները այդ մարզադպրոցների վրա: Այսօրվա նիստին մասնակցելու հրավերով նամակներ էինք ուղարկել Հայաստանի սպորտի նախարարությանը, Օլիմպիական կոմիտեին, բայց այդ կառույցներից ներկայացուցիչներ այդպես էլ չեկան: Չգիտեմ՝ ինչու չեն ներկայացել: Անցած նիստին չէր ներկայացել 3 կառույց, եւ մենք բացատրություն պահանջեցինք: Նրանցից երկուսը ադեկվատ պատասխաներ ուղարկեցին, թե ինչու չէին կարողացել ներկայալ այդ ժամին: Երրորդ կառույցն ընդհանրապես հրաժարվում է պատասխանել»,- նշեց Արթուր Գեւորգյանը՝ հրաժարվելով նշել, թե որ սպորտային կառույցն է «բոյկոտում» ֆեդերացիայի համաժողովները:

Վերընտրված նախագահը նկատեց, որ որոշակի ընդվզումներ է նկատում ֆեդերացիայի անդամների ու ֆեդերացիայի հետ աշխատողների կողմից, եւ գիտի նաեւ, թե որն է դրա պատճառը:

«Ընդվզման պատճառը նոր կադրերի անցումն է: Կան մարզիչներ, որոնք ո՛չ ցանկանում են արդիականացվել, յուրացնել համաշխարհային բռնցքամարտում տեղի ունեցող նորամուծությունները, ո՛չ հեռանալ, ո՛չ էլ ճանապարհ տալ նոր, երիասարդ կադրերին: Սա է խնդիրը է: Բոլորը դժգոհում են, թե ինչու եմ Օլիմպիական խաղերում հաջող հանդես եկած մարզիկին, որը հրաժեշտ տվեց բռնցքամարտին (խոսքը Վլադ Մարգարյանի մասին է), ես բերեցի երիտասարդների հավաքականի երկրորդ մարզիչ: Ի՞նչ վատ բան ենք արել: Քանի դեռ նա իր մասնագիտական բարձունքում է, իր օրինակով կարող է օգտակար լինել երիտասարդ բռնցքամարտիկներին, իսկ մարզչական աշխատանքը սովորել ավագ մարզիչից. սա հրաշալի քայլ է: Բոլորը բոյկոտում են երիտասարդ մասնագետներին, որեւէ մեկը չի ցանկանում գնալ, տեղ տալ երիտասարդներին, բայց բռնցքամարտը փոխվել է, եւ նոր դեմքեր է ուզում, մարզվելու եւ մարզելու մոտեցումները փոխվել են աշխարհում, իսկ հայ մասնագետները չեն ցանկանում տեղից շարժվել: Ես կանգ չեմ առնելու եւ աշխատելու հնարավորություն եմ տալու տղանդավոր ու նոր մարզիչներին»,- նշեց Արթուր Գեւորգյանը:

Ֆեդերացիայի աշխատանքներին պետական կառույցների միջամտության վերաբերյալ Արթուր Գեւորգյանը նշեց հետեւյալը.

«Կոնկրետ ֆեդերացիայի համաժողովի, աշխատանքների հետ կապված մի շարք միջամտություններ են եղել, մի շարք մասնագետների հորդորել են չգնալ, չմասնակցել: Թեկնածուն հայտարարում է, որ ինքը հանդիպել է այս կամ այն մարդու հետ եւ «դաբրո» ստացե: Ես «դաբրոյով» չեմ գործում: Բավական ինքնուրույն, կայացած մարդ եմ եւ ոչ մեկի «դաբրոյի» կարիքը չունեմ: Դուր է գալիս սա, թե դուր չի գալիս, իրենց խնդիրն է»,- մանրամասնեց ֆեդերացիայի նախագահը:

Հիշեցնենք, որ Արթուր Գեւորգյանը 2013 թվականի նոյեմբերից է զբաղեցնում Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը, որում նա փոխարինել էր Արման Մուրադյանին:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (10)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ