21:14  ,  1 օգոստոսի, 2018

ԵԱ․ Մալխաս Ամոյանը եւ Արարատ Մանուչարյանը՝ բրոնզե մեդալակիրներ

Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ավարտին մոտեցող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի թիմը նվաճեց եւս 2 բրոնզե մեդալ։ Այսօր մեդալային գոտեմարտերում հաղթանակ տարան Արարատ Մանուչարյանը (60 կգ) եւ Մալխաս Ամոյանը (72 կգ), իսկ Էրիկ Էլոյանը (82 կգ) պարտություն կրեց։

60 կգ քաշային Արարատ Մանուչարյանը գոտեմարտեց բրոնզե մեդալի համար եւ 6։0 հաշվով հաղթեց վրացի Իրակլի Դզիմիստարիշվիլիին։

2017թ․ աշխարհի երիտասարդական առաջնության փոխչեմպիոն Մալխաս Ամոյանը 72 կգ քաշային կարգում նախ սփոփիչ գոտեմարտում 7։0 հաշվով ուժեղ գտնվեց ուկրաինացի Պարվիզ Նասիբովից, իսկ բրոնզե մեդալի համար պայքարում մրցեց վրացի Նիկոլոզ Չիկաձեի հետ եւ առավելության հասավ ժամանակից շուտ՝ 9։1։

82 կգ քաշային Էրիկ Էլոյանը սփոփիչ գոտեմարտում 7։2 հաշվով պարտության մատնեց վրացի Աիվենգո Ռիկաձեին, իսկ բրոնզե մեդալի համար գոտեմարտում ժամանակից շուտ 0։8 հաշվով պարտվեց բելառուս Կիրիլ Մասկեւիչին։

Հայաստանի երիտասարդական հավաքականը Եվրոպայի առաջնությունում ելույթն ավարտեց 1 ոսկե եւ 4 բրոնզե մեդալով՝ թիմային հաշվարկում գրավելով երրորդ տեղը: Նախօրեին բրոնզե մեդալ էին նվաճել նաեւ Վահե Պողոսյանը (77 կգ) եւ Դավիթ Հովասափյանը (130 կգ), իսկ 55 կգ քաշային Տիգրան Մինասյանը դարձել էր Եվրոպայի երիտասարդական չեմպիոն` եզրափակիչում 40 վայրկյանում հաղթելով Ջիովանի Ֆրենիին։

Հայաստանի երիտասարդական հավաքականը Եվրոպայի առաջնությանը մեկնել էր 9 ըմբիշով, եւ ներկայացուցիչ չուներ միայն 97 կգ քաշային կարգում: Հայաստանի թիմի կազմում հանդես եկան նաեւ Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Աշոտ Կիրակոսյանը (67 կգ), Հակոբ Բաղդասարյանը (87 կգ), որոնք մեդալ չնվաճեցին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում