18:15  ,  1 օգոստոսի, 2018

«Տոբոլի» մարզիչը հրաժարական տվեց. Ղազախական ակումբը դժգոհ է «Փյունիկի» դեմ խաղից եւ կդիմի ՈւԵՖԱ-ին

Ղազախական «Տոբոլի» գլխավոր մարզիչ Վլադիմիր Նիկիտենկոն Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում Երեւանի «Փյունիկից» կրած պարտությունից հետո հրաժարական է տվել, հայտնում է ակումբի կայքը:

«Տոբոլի» մամուլի ծառայությունը հայտնում է նաեւ, որ ակումբը ՈւԵՖԱ-ին բողոք է ներկայացնելու Երեւանի «Հանրապետական» ստադիոնում կայացած խաղի վերաբերյալ:

«Ակումբը դժգոհություններ ունի ինչպես մրցավարի աշխատանքից, այնպես էլ հայկական կողմի խաղի կազմակերպումից: Այդ գործոններն ու անգործունությունը նշանակալի ազդեցություն ունեցան հանդիպման ելքի վրա: «Տոբոլը» նաեւ մտադիր է հարց բարձրացնել՝ կապված «Փյունիկի» տեխնիկական գոտում գտնվող մարդկանց կողմից մեր ակումբի նկատմամբ անպարկեշտ վարք դրսեւորելու վերաբերյալ»,- ասվում է ղազախական ակումբի հայտարարությունում:

Հիշեցնենք, որ պատասխան խաղում հայկական ակումբը հաղթել էր նվազագույն հաշվով եւ դուրս եկել հաջորդ փուլ: Դաշտի տերերի հաղթական գոլը 82-րդ րոպեին խփեց կոտդիվուարցի հարձակվող Մոհամեդ Կոնատեն։ Դիմակայությունում գրանցվեց 2:2 հաշիվը, եւ «Փյունիկը» հաջորդ փուլ դուրս եկավ մրցակցի դաշտում խփած գոլի շնորհիվ:

Ղազախստանում կայացած առաջին խաղում «Փյունիկը» պարտվել էր 1:2 հաշվով: Հաջորդ փուլում Անդրեյ Տալալաեւի գլխավորած թիմը կմրցի իսրայելական «Մաքաբի Թել Ավիվի» եւ սերբական «Ռադնիչկիի» դիմակայության հաղթողի հետ։

Եվրագավաթներում հայկական ակումբներին երբեք չէր հաջողվել հաղթահարել որակավորման երկրորդ փուլի արգելքը:

Մոհամեդ Կոնատեի գոլից հետո «Փյունիկի» գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաեւի օգնական Յուրի Նագայցեւն անպարկեշտ ժեստ էր ցուցադրել մրցակցի պահեստայինների նստարանին, ինչի համար ավելի ուշ ներողություն էր խնդրել երկրպագուներից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով