12:05  ,  1 օգոստոսի, 2018

«Փյունիկի» մարզիչը բացատրել է, թե ինչու էր անպարկեշտ ժեստ ցուցադրել «Տոբոլի» պահեստայինների նստարանին

Երեւանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաեւի օգնական Յուրի Նագայցեւը պատմել է, թե ինչու է ղազախական «Տոբոլի» դեմ Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղի ժամանակ անպարկեշտ ժեստ ցուցադրել մրցակցի պահեստայինների նստարանին: Դա տեղի էր ունեցել հանդիպման 82-րդ րոպեին, երբ «Փյունիկի» կոտդիվուարցի հարձակվող Մոհամեդ Կոնատեն բացել էր հաշիվը:

«Ներուղություն եմ խնդրում երկրպագուներից իմ ժեստի համար: Դրանք հույզեր են, սակայն ցանկանում եմ բացատրել, որ այդ ժեստն ուղղված էր «Տոբոլի» երկրորդ մարզիչին, որը դրանից առաջ մեր խաղացողի ձեռքից գնդակն ուղարկեց դեպի տրիբունա»,- ռուս մասնագետի խոսքը մեջբերում է Sports.kz-ն:

Հիշեցնենք, որ Երեւանի «Հանրապետական» ստադիոնում տեղի ունեցած պատասխան խաղում հայկական ակումբը հաղթել էր նվազագույն հաշվով եւ դուրս եկել հաջորդ փուլ: Դիմակայությունում գրանցվեց 2:2 հաշիվը, եւ «Փյունիկը» հաջորդ փուլ դուրս եկավ մրցակցի դաշտում խփած գոլի շնորհիվ:

Ղազախստանում կայացած առաջին խաղում «Փյունիկը» պարտվել էր 1:2 հաշվով: Հաջորդ փուլում Անդրեյ Տալալաեւի գլխավորած թիմը կմրցի իսրայելական «Մաքաբի Թել Ավիվի» եւ սերբական «Ռադնիչկիի» դիմակայության հաղթողի հետ։

Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղերը կկայանան օգոստոսի 9-ին, իսկ պատասխան հանդիպումները՝ մեկ շաբաթ անց:

Եվրագավաթներում հայկական ակումբներին երբեք չէր հաջողվել հաղթահարել որակավորման երկրորդ փուլի արգելքը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով