12:11  ,  23 հուլիսի, 2018

Ղազարյանի նորամուտը «Շավիշում», Յուրչենկո եւ Սարկիսով vs ԲԿՄԱ, Բալեկյանի խաղը «Ուրականում»

«Շավիշի» նորեկ Գեւորգ Ղազարյանը նորամուտն է նշել պորտուգալական թիմում: Ստուգողական խաղում «Շավիշը» ոչ ոքի է խաղացել «Ֆեյրենսեի» հետ՝ 0:0: 30-ամյա հայ կիսապաշտպանը մասնակցել է առաջին խաղակեսին:

Շվեդիայի առաջնության 14-րդ տուրում «Գյոտեբորգը» հյուրընկալվելիս 2:3 հաշվով պարտվել է «Սիրիուսին»: Հյուրերի մեկնարկային կազմում էր նաեւ Հայաստանի հավաքականի նորեկ Անդրե Կալիսիրը, որը փոխարինվել է 32-րդ րոպեին:

Կրասնոյարսկի «Ենիսեյը» Մոսկվայի ԲԿՄԱ-ի հետ ստուգողական հանդիպումն ավարտել է ոչ ոքի՝ 1:1: «Ենիսեյի» կազմում ամբողջ հանդիպումն անցկացրել է Հայաստանի հավաքականի թեկնածու, դարպասապահ Դավիթ Յուրչենկոն, Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը խաղացել է երկրորդ խաղակեսում:

Արգենտինական «Ուրականի» եւ «Սան Տելմոյի» ստուգողական հանդիպումը եւս ավարտվել է ոչ ոքի՝ 0:0: «Ուրականի» կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցել է Հայաստանի հավաքականի թեկնածու, հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը, որը վերջին շրջանում զրկված էր խաղային պրակտիկայից ակումբում:

Կազանի «Ռուբինի» եւ անգլիական «Ռեդինգի» մասնակցությամբ ստուգողական խաղում եւս գրանցվել է 0:0 հաշիվ: Ռուսաստանյան թիմի կազմում 62 րոպե է անցկացրել Հայաստանի հավաքականի թեկնածու Խորեն Բայրամյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում