22:42  ,  7 օգոստոսի, 2012

Լոնդոն-2012. Արթուր Ալեքսանյանը տպավորիչ հաղթանակով նվաճեց բրոնզը

30-րդ Օլիմպիական խաղերում հունահռոմեական ըմբշամարտի 96 կգ քաշայինների պայքարում Հայաստանը նվաճեց բրոնզե մեդալ։ Արթուր Ալեքսանյանը գեղեցիկ հաղթանակ տարավ կուբացի Էստրադա Ֆալկոնի նկատմամբ։

Գոտեմարտի առաջին մրցափուլում հայ ըմբիշը երկու միավորի գլորում կատարեց եւ հաղթանակ տարավ։

Երկրորդ մրցափուլում Արթուր Ալեքսանյանը դուրս հանեց կուբացուն մրցագորգից, վաստակեց մեկ միավոր եւ պահեց առավելությունը մինչեւ վերջ։

Հիշեցնենք, որ բրոնզե մեդալի համար առաջին սփոփիչ գոտեմարտում Արթուր Ալեքսանյանը հանդիպեց թուրք Ջենկ Իլդեմի հետ:

Առաջին մրցափուլում Արթուր Ալեքսանյանը հաղթեց 1։0 հաշվով։ Երկրորդ մրցափուլում թուրք ըմբիշն էր պաշտպանվողի դիրքում։ Արթուր Ալեքսանյանը կարողացավ գլորում կատարել, երկու միավոր վաստակել եւ հաղթանակ տանել։

1/8 եզրափակիչում 2012թ. Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը վստահ հաղթանակ էր տարել Իտալիայի ոստիկանության սպա Դաիգարո Տիմոնչինիի նկատմամբ, սակայն քառորդ եզրափակիչում հայ ըմբիշը պարտվել էր իրանցի Խասեմ Խոլամրեզա Ռեզայիին: Քանի որ իրանցի ըմբիշը եզրափակիչի ուղեգիր նվաճեց, 22-ամյա Ալեքսանյանը հնարավորություն ստացավ պայքարել բրոնզե մեդալի համար:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով