00:40  +04,  5 հունիսի, 2018

NEWS.am Sport-ը՝ Ռուսաստանից. Ֆուտբոլային Կալինինգրադը՝ ԱԱ-2018-ի նախաշեմին (ֆոտո)

Ռուսաստանում հունիսի 14-ից հուլիսի 15-ը անցկացվելիք ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերի ամենահետաքրքիր քաղաքներից է Կալինինգրադը: NEWS.am Sport-ի թղթակիցը եղել է այդ քաղաքում, որը պատրաստվում է ֆուտբոլային տոնին:

ԱԱ-2018-ի խաղերն անցկացվելու են «Կալինինգրադ» ստադիոնում, որը հյուրընկալում է 35 հազար երկրպագու: Այս ստադիոնում տեղի են ունենալու խմբային փուլի 4 խաղեր, իսկ փլեյ-օֆֆ փուլի հանդիպումներ չեն անցկացվի: Կալինինգրադում ֆուտբոլային տոնը կսկսվի հունիսի 16-ին կայանալիք Խորվաթիա – Նիգերիա խաղով: Այնուհետեւ կկայանան Սերբիա – Շվեյցարիա (հունիսի 22) եւ Իսպանիա – Մարոկկո (հունիսի 25) խաղեր, իսկ վերջին հանդիպումը նախատեսված է հունիսի 28-ին Անգլիայի ու Բելգիայի հավաքականների միջեւ:

«Կալինինգրադ» ստադիոնի շինարարական աշխատանքները սկսվել են 2015 թվականի հուլիսին եւ ավարտվել 2017 թվականի նոյեմբերին: Մինչեւ 2014 թվականը ստադիոնի տարածքում եղել է ճահիճ, որը շինարարական աշխատանքների համար սկսել են նախապատրաստել 2014 թվականին: Այժմ ստադիոնը 4 կողմից շրջափակված է ջրով: Գիշերը ստադիոնն առանձնանում է գեղեցիկ լուսավորությամբ, իսկ լույսերի գույները պարբերաբար փոխվում են:

Ստադիոնի բացման հանդիպումը կայացել է 2018 թվականի ապրիլի 11-ին, երբ մրցել են Կալինինգրադի «Բալթիկան» ու Սամարայի «Կռիլյա Սովետովը»: Այդ խաղին ներկա է եղել 14 926 երկրպագու, իսկ «Բալթիկան» տնային հաղթանակ է տարել 1:0 հաշվով: «Բալթիկան» Կալինինգրադի միակ պրոֆեսիոնալ ակումբն է, որը հանդես է գալիս Ռուսաստանի Առաջին դիվիզիոնում: Կալինինգրադում գործում է նաեւ հայկական «Արարատ» սիրողական ակումբը, որն ունի նաեւ ֆուտզալի թիմ:

Ինչպես ԱԱ-2018-ի մյուս 10 քաղաքներում, այնպես էլ Կալինինգրադում երկրպագուների համար նախատեսված գոտին պաշտոնապես կբացվի հունիսի 14-ից: Այստեղ ժամանելու են մոտ 15 հազար երկրպագուներ: Ֆանատների համար նախատեսված գոտում մեծ էկրանի վրա ցուցադրվելու են աշխարհի առաջնության բոլոր խաղերը: Կալինինգրադում աշխատելու են կամավորների 2 խմբեր՝ ՖԻՖԱ-ից եւ Կալինինգրադի մարզից: Տեղի կամավորների խմբի ղեկավարն է Կալինինգրադի մարզի «Երիտասարդության կենտրոնի» պետական հաստատության տնօրեն Սուրեն Մանուկյանը: NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Մանուկյանը նշեց, որ իր ղեկավարած խմբում լինելու են 1300 կամավորներ:

Հունիսի 2-ին Կալինինգրադի հրապարակում բացվել էր նաեւ «Ֆուտբոլային զբոսայգին», որը գործեց 2 օր: Բացման հաջորդ օրն այգում ընկերական հանդիպում անցկացվեց «ՖԻՖԱ լեգենդներ» եւ «Ռուսաստանի լեգենդներ» թիմերի միջեւ: 6:4 հաշվով հաղթեց «ՖԻՖԱ-ի լեգենդներ» թիմը, որի կազմում խաղում էին Շվեյցարիայի հավաքականի նախկին դարպասապահ Պասկալ Ցուբերբյուլերը, Անգլիայի հավաքականի նախկին պաշտպան Ուես Բրաունը, Բրազիլիայի հավաքականի կազմում աշխարհի կրկնակի չեմպիոն Կաֆուն, խորվաթ Նիկո Կրանչարը, նիգերիացի Նվանկո Կանուն ու Պորտուգալիայի հավաքականի նախկին հարձակվող Նունու Գոմեշը:

Կալինինգրադը պատրաստ է ֆուտբոլային տոնին: ԱԱ-2018-ի մյուս քաղաքների նկատմամբ Կալինինգրադի առավելությունն այն է, որ այս քաղաքը գտնվում է Եվրոպայում եւ նույնիսկ ցամաքային սահման չունի Ռուսաստանի հետ, ինչպես նաեւ այստեղ կան մի շարք տեսարժան ու պատմական վայրեր: Կալինինգրադում սպասվում են բազմաթիվ երկրպագուներ եվրոպական երկրներից: Կալինինգրադի հարեւանությամբ գտնվում են Լեհաստանն ու Լիտվան, ինչպես նաեւ Բալթիկ ծովը: Այս մարզը նաեւ ամենաարեւմտյան կետն է Ռուսաստանում: Մինչեւ Երկրորդ համաշխարհային պատերազմը Կալինինգրադը եղել է գերմանական քաղաք եւ կոչվել է Կյոնիգսբերգ:

Դավիթ Եղիազարյան՝ Կալինինգրադից

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով


  • Լրահոս