00:38  AMT,  27 մայիսի, 2018

Բեյլի գլուխգործոց գոլերը «Ռեալին» պարգեւեցին եվրոպական չեմպիոնների 13-րդ գավաթը (տեսանյութ, ֆոտո)

Մադրիդի «Ռեալը» 13-րդ անգամ պատմության մեջ եւ երրորդ տարին անընդմեջ նվաճեց ֆուտբոլի եվրոպական չեմպիոնների գավաթը:

Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում տեղի ունեցած Չեմպիոնների լիգայի եզրափակիչում Արքայական ակումբը 3:1 հաշվով առավելության հասավ անգլիական «Լիվերպուլի» նկատմամբ (տեսանյութ):

«Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խաղադաշտ դուրս բերեց նույն կազմը, որով խաղացել էր Չեմպիոնների լիգայի անցած մրցաշրջանի եզրափակիչում Թուրինի «Յուվենտուսի» դեմ եւ հաղթել 4:1 հաշվով:

Առաջին խաղակեսում «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսի կոպիտ խաղից հետո ուսի վնասվածք ստացավ «Լիվերպուլի» լավագույն ռմբարկու, եգիպտացի կիսապաշտպան Մոհամեդ Սալահը, որը ստիպված էր փոխարինվել 31-րդ րոպեին: Նա արտասվելով թողեց խաղադաշտը: Գերմանացի Յուրգեն Կլոպը խաղադաշտ դուրս բերեց անգլիացի կիսապաշտպան Ադամ Լալանային:

36-րդ րոպեին արդեն «Ռեալը» վնասվածք ստացած ֆուտբոլիստի հարկադրված փոփոխություն կատարեց: Այս անգամ արտասվելով խաղադաշտից հեռացավ իսպանացի պաշտպան Դանիել Կարվախալը, որին փոխարինեց իսպանացի պաշտպան Նաչոն:

43-րդ րոպեին «Ռեալի» իսպանացի կիսապաշտպան Իսկոյի փոխանցումից հետո պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մենակ դուրս եկավ «Լիվերպուլի» գերմանացի դարպասապահ Լորիս Կարիուսի դեմ, որը փրկեց դրությունը, իսկ Բենզեմայի հարվածից հետո գնդակը հայտնվեց դարպասում, բայց եզրային մրցավարը գրանցեց խաղից դուրս վիճակ:

Երկրորդ խաղակեսում առաջինը հաջողության հասավ «Ռեալը»: Զավեշտալի գոլ բաց թողեց Կարիուսը, որը փորձեց գնդակը մտցնել խաղի մեջ, սակայն Բենզեմայի պրեսինգի պատճառով կոպիտ սխալ թույլ տվեց, եւ ֆրանսիացի հարձակվողը բացեց հաշիվը: Սակայն ընդամենը 4 րոպե անց գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմի ֆուտբոլիստները վերականգնեցին հավասարությունը: Անկյունայինի խաղարկումից հետո խորվաթ պաշտպան Դեյան Լովրենը կատարեց արդյունավետ փոխանցում, իսկ սենեգալցի հարձակվող Սադիո Մանեն գրավեց կոստառիկացի Կեյլոր Նավասի պաշտպանած դարպասը:

61-րդ րոպեին Իսկոյին փոխարինեց իսպանական թիմի ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլը, որը 3 րոպե անց բրազիլացի պաշտպան Մարսելոյի փոխանցումից հետո հետադարձ հարվածով մատուցեց գլուգործոց գոլ:

70-րդ րոպեին Մանեի հարվածից հետո «Ռեալին» գոլից փրկեց ուղղահայաց դարպասաձողը:

83-րդ րոպեին Բեյլը դարձավ դուբլի հեղինակ՝ հեռու տարածությունից խփելով իր երկրորդ գոլը: Դարձյալ սխալվեց Կարիուսը, որը չկարողացավ հետ մղել գնդակը: 

Ռոնալդուն դարձավ պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, որը 5-րդ անգամ նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը:  Դրանից մեկը նա նվաճել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում»: Իտալացի Պաոլո Մալդինին «Միլանի» հետ 2 անգամ հաղթել է եվրոպական չեմպիոնների գավաթի խաղարկությունում, 3 անգամ՝ Չեմպիոնների լիգայում: 4-ական անգամ գավաթը նվաճել են հոլանդացի Կլարենս Զեեդորֆը, իսպանացիներ Անդրես Ինյեստան, Չավին, Ժերար Պիկեն, արգենտինացի Լիոնել Մեսին:

Օգոստոսին Եվրոպայի սուպերգավաթը «Ռեալը» կվիճարկի մադրիդյան դերբիում: Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի գավաթը նվաճել է իսպանական «Աթլետիկոն»:

Չեմպիոնների լիգա, եզրափակիչ

«Ռեալ Մադրիդ» (Իսպանիա) - «Լիվերպուլ» (Անգլիա)՝ 3:1

Քարիմ Բենզեմա, 51, Գարեթ Բեյլ, 64, 83 – Սադիո Մանե, 55

Ֆոտո՝ twitter.com/ChampionsLeagu

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Loading...
  • Հարցում
Ո՞ր թիմը կդառնա ֆուտբոլի 2018թ. աշխարհի չեմպիոն
Բրազիլիա
Արգենտինա
Գերմանիա
Իսպանիա
Ֆրանսիա
Անգլիա
Այլ հավաքական
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ
Loading...