14:30  ,  23 մայիսի, 2018

Լատվիայի, Լիտվայի, Ռուսաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Վրաստանի եւ Հայաստանի լրագրողների թիմերը կմրցեն Երեւանում

Երեւանում երկրորդ տարին անընդմեջ կանցկացվի լրագրողների միջազգային ֆուտբոլային մրցաշար: Երեւանի «Փյունիկի» մարզադպրոցի արհեստական խոտածածկով դաշտում մայիսի 26-ին անցկացվելիք մրցաշարին կմասնակցեն 8 թիմեր: Հանդես կգան Լատվիայի, Լիտվայի, Ռուսաստանի, Բելառուսի, Ուկրաինայի եւ Վրաստանի լրագրողական թիմերը, իսկ Հայաստանը կներկայացնեն լրագրողների հավաքականն ու Գյումրիի լրագրողների թիմը: Միջոցառման կազմակերպիչն է Հայկական օնլայն լրատվամիջոցների եւ լրագրողների ասոցիացիան: Գլխավոր հովանավորն է «ՎՏԲ Հայաստան բանկը», աջակիցներն են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը, Հայաստանի բնապահպանության նախարարությունը եւ Gold's Gym ֆիթնես ակումբը, որն այս տարի նշում է Հայաստանում գործունեության 10-ամյակը:

«ՎՏԲ Հայաստան բանկի» գլխավոր տնօրեն, տնօրինության նախագահ Իվան Տելեգինը մրցաշարին նվիրված ասուլիսում նշեց, որ մեծ հաճույքով է համաձայնել դառնալ միջոցառման գործընկերը:

«Մեզ համար մեծ պատիվ եւ ուրախություն է լինել այս միջոցառման գործընկերը: Միջոցառումը մարզական է, եւ կա ստեղծագործ ու դրական թիմ, այդ պատճառով մեծ ուրախությամբ համաձայնեցինք դառնալ գործընկեր: Ինքներս շատ ենք սիրում սպորտ եւ բանկի ներսում անցկացնում ենք մարզական միջոցառումներ եւ մասնակցում նաեւ բանկերի միջեւ մրցաշարերի: Այդ կապակցությամնբ կիսում ենք ընդհանուր տրամադրությունն այս միջոցառման առթիվ եւ հաճույքով դարձանք դրա գործընկերը»,- նշեց Իվան Տելեգինը:

Հայաստանի լրագրողների ֆուտբոլային հավաքականի գլխավոր մարզիչն է Առաջին ալիքի մարզական ծրագրերի ղեկավար Կարեն Գիլոյանը, որի գլխավորությամբ թիմը 3 անգամ անընդմեջ երրորդ տեղն է գրավել լրագրողների միջազգային մրցաշարում: Կարեն Գիլոյանի խոսքով՝ այս տարի թիմը պայքարելու է ավելի բարձր տեղերի համար:

«Սովորաբար, բոլոր երկրներում կա լրագրողների մրցաշարեր անցկացնելու ավանդույթ: Մյուս երկրներում եղել են մրցաշարեր անցկացնելու փորձեր, սակայն մեկ անգամից ոչ ավելի: Միայն Լիտվայի Դրուսկինինկայ քաղաքում է այդ մրցաշարն ավանդական եւ անցկացվում է ամեն տարի: Մենք մրցաշարն անցկացնում ենք երկրորդ անգամ եւ հուսով ենք, որ այն, իսկապես, դարձել է ավանդական: Նախորդ տարի շատ բարձր մրցակցություն էր: Ամենակարեւորն այն է, որ 7 երկրների 100-ից ավելի լրագրողներ, վերադառնալով իրենց հայրեինք, գրեցին հայերի հյուրընկալության, գեղեցիկ երկրի ու լավ մարդկանց, շատ լավ կազմակերպված մրցաշարի մասին: Նպատակն էլ հենց դա է, որպեսզի ցույց տանք մեր երկիրը, մեր ներուժն ու հյուրընկալությունը, թե ինչպես կարող ենք այդ ամենն անցկացնել: Հիմա էլ պատրաստ ենք, ամեն ինչ լավ է: Այս տարի որոշել ենք հյուրերին ցույց տալ Հայաստանն ավելի համակողմանի: Մրցաշարի հաջորդ օրը բոլոր մասնակիցներին տանելու ենք Սեւանի ազգային պարկ՝ ցուցադրելու մեր գեղեցիկ բնությունը: Հուսով եմ, որ նույն ժպիտով ու շնորհակալությամբ նրանք կվերադառնան իրենց երկրներ: Մենք 3 անգամ անընդմեջ լրագրողների մրցաշարում դարձել ենք բրոնզե մեդալակիր, իսկ այս տարի կպայքարենք ավելի բարձր տեղերի համար»,- նշեց Կարեն Գիլոյանը:

Հայաստանի լրագրողների ֆուտբոլային հավաքականի ավագը «Մեդիամաքսի» գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանն է, որը զբաղվում է նաեւ բոլոր կազմակերպչական հարցերով: Ալավերդյանի խոսքով՝ նմանատիպ միջոցառումները կարող են նպաստել նաեւ Հայաստանում տուրիզմի զարգացմանը:

«Սա ոչ միայն մարզական միջոցառում է, այլ ավելի շատ նպատակ է հետապնդում ներկայացնել Հայաստանի տուրիստական գրավչությունը: Բավականին համեստ բյուջեով մենք կարողանում ենք Հայաստան բերել առաջատար լրատվամիջոցների շուրջ 100 ներկայացուցիչների, այս անգամ՝ 6 երկրից: Հետեւելով նրանց հիացական հրապարակումներին մրցաշարից հետո՝ դա անմիջականորեն նպաստում է Հայաստանի մասին դրական տեղեկությունների ու էմոցիաների աճին: Այսօր այդպիսի հետաքրքրություն կա տարածաշրջանի նկատմամբ, բայց մենք ցանկանում ենք, որ Հայաստանը լինի հենց այն երկիրը, որտեղ կցանկանան ժամանակ անցկացնել տարբեր երկրների բնակիչներ, գալ ու տեսնել մեր հյուրասիրությունը եւ հասկանալ, թե որքան հյուրասեր ժողովուրդ են հայերը: Անցյալ տարի այնքան դրական էին մասնակիցների տպավորությունները, որ Գերմանիայի, Լեհաստանի ու եվրոպական մյուս երկրների ներկայացուցիչները նշում էին, որ սիրանք իրենց կյանքի ամենաերջանիկ օրերն էին: Որոշեցինք այս տարի եւս կրկնել այդ երջանիկ օրերը, եւ դա հնարավոր չէր լինի առանց մեր գործընկերների՝ «ՎՏԲ Հայաստան բանկի», Gold's Gym ֆիթնես ակումբի, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ու Հայաստանի բնապահպանության նախարարության:

Այս տարի մասնակցիների թիվը պետք է լիներ ավելի շատ, սակայն Լեհաստանի ու Գերմանիայի թիմերը հրաժարվեցին գալ դեպի Երեւան թանկ տոմսերի պատճառով: Մասնակիցների թվում պետք է լիներ նաեւ ռուսական «Матч ТВ» ալիքի թիմը՝ Նոբել Առուստամյանի գլխավորությամբ, սակայն նրանք օրեր առաջ հայտնեցին, որ չեն կարող գալ: Բանն այն է, որ «Матч ТВ» թիմի խաղացողներն այդ օրը պետք է աշխատեն Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղի ժամանակ:

Մեր առաջարկով, այս տարի գավաթը կոչվելու է Երեւանի 2800-ամյակի ու Հայաստանի առաջին հանրապետության գավաթ: Որոշեցինք այս տարի միջոցառումներն անցկացնել հենց մայիսին, որպեսզի այդ օրերը համընկնեն եւ մեր հյուրերը տեսնեն մեր պատրաստությունները»,- ասաց Դավիթ Ալավերդյանը:

«Փյունիկի» մարզադպրոցում կայանալիք խաղերը կմեկնարկեն ժամը 12:00-ից: Հանդիպումները կանցկացվեն ֆուտբոլային դաշտի մեկ քառորդի հատվածում՝ զուգահեռաբար 4 խաղադաշտում։ Բոլորը թիմերը կմրցեն իրար հետ: Հանդիպման տեւողությունը 15 րոպե էր՝ յուրաքանչյուր խաղից հետո 10 րոպե ընդմիջումով: Խաղերը կսպասարկեն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մրցավարները։

Լրագրողների միջազգային մրցաշարերն ավանդական բնույթ են կրում եւ անցկացվում տարբեր երկրներում։ Դրանք նպաստում են լրագրողների համերաշխության ամրապնդմանը եւ գործնական կապերի հաստատմանը։

Հիշեցնենք, որ նախորդ տարի Հայաստանի լրագրողների ֆուտբոլային հավաքականը երրորդ տեղն էր գրավել Երեւանում տեղի ունեցած մրցաշարում, իսկ հաղթողի տիտղոսը նվաճել էր Վրաստանի թիմը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում