17:17  ,  3 հունիսի, 2017

Լրագրողների միջազգային մրցաշար Երեւանում. Հայաստանի թիմը երրորդն է (ֆոտոշարք)

Երեւանի «Փյունիկի» մարզադպրոցի արհեստական խոտածածկով դաշտում հունիսի 3-ին անցկացվեց լրագրողների միջազգային ֆուտբոլային մրցաշար, որին մասնակցեցին 8 թիմեր։ Դաշտ դուրս եկան լրագրողական թիմեր Գերմանիայից, Լեհաստանից, Լիտվայից, Վրաստանից, Բելառուսից, Ռուսաստանից, իսկ Հայաստանը ներկայացնում էին լրագրողների հավաքականն ու Գյումրիի լրագրողների թիմը:

Ընկերական մթնոլորտում ու լարված պայքարում անցած մրցաշարում հաղթեց Վրաստանի թիմը, որը 7 խաղում հավաքեց 18 միավոր: Վրացիները տարան 6 հաղթանակ եւ կրեցին միայն մեկ պարտություն՝ լրագրողների Հայաստանի հավաքականից (0:3), որը գրավեց երրորդ տեղը: Հայաստանի լրագրողների թիմը Լիտվայի պես վաստակեց 17 միավոր, սակայն իրար միջեւ խաղերի ցուցանիշով լիտվացիներն արժանացան արծաթե մեդալների: Վրաստանի թիմը գոլ բաց թողեց միայն լրագրողների Հայաստանի հավաքականի դեմ խաղում:

Մրցաշարի լավագույն ռմբարկու դարձավ լրագրողների Հայաստանի հավաքականի առաջատար Հովհաննես Մելքունյանը, որը խփեց 10 գոլ:

Խաղերն անցկացվեցին ֆուտբոլային դաշտի մեկ քառորդի հատվածում, զուգահեռաբար 4 խաղադաշտում։ Բոլորը թիմեր մրցեցին իրար հետ: Հանդիպման տեւողությունը 15 րոպե էր, յուրաքանչյուր խաղից հետո 10 րոպե ընդմիջում: Խաղերը սպասարկեցին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մրցավարները։

Հունիսի 3-ի երեկոյան կկայանա պարգեւատրության արարողությունից, որից հետո թիմերը միասին կմասնակցեն ճաշկերույթի:

Միջոցառման կազմակերպիչն է Հայկական Օն-լայն լրատվամիջոցների եւ լրագրողների ասոցիացիան, գլխավոր հովանավորն է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը, հովանավորը՝ Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը։

Լրագրողների միջազգային մրցաշարերն ավանդական բնույթ են կրում եւ անցկացվում տարբեր երկրներում։ Դրանք նպաստում են լրագրողների համերաշխության ամրապնդմանը եւ գործնական կապերի հաստատմանը։

Ռուսաստան

Լիտվա

Լեհաստան

Բելառուս

Գյումրի

Գերմանիա

Վրաստան

Լուսանկարներն՝ Արսեն Սարգսյանի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում