14:09  ,  21 մայիսի, 2018

ԵԱ. Արմեն Նազարյանի ցնծությունը որդու չեմպիոնությունից հետո (ֆոտո)

Հունահռոմեական ըմբշամարտի կրկնակի օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի եւ Եվրոպայի վեցակի չեմպիոն Արմեն Նազարյանի որդին նախօրեին նվաճել էր Մակեդոնիայում անցկացված հունահռոմեկան ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնության չեմպիոնի տիտղոսը:

Բուլղարիան ներկայացնող Էդմոնդ Նազարյանը եզրափակիչում պարտության էր մատնել ադրբեջանցի Գուրբան Գուրբանովին (3:3): Բուլղարիայի հավաքականի մարզչական շտաբում աշխատող Արմեն Նազարյանը ներկա էր այդ գոտեմարտին եւ որդու հաղթանակը տոնել է գորգի վրա:

Հիշեցնենք, որ Արմեն Նազարյանն անկախ Հայաստանի պատմության առաջին օլիմպիական չեմպիոնն է: Նա Օլիմպիական խաղերում ոսկե մեդալ նվաճել է նաեւ Բուլղարիայի թիմի կազմում:

Հունահռոմեկան ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի թիմը նվաճել էր 1 ոսկե եւ 3 բրոնզե մեդալ: 60 կգ քաշային Սահակ Հովհաննիսյանը դարձել էր Եվրոպայի պատանեկան չեմպիոն, իսկ Գառնիկ Հարությունյանը (48 կգ), Ռոբերտ Կարապետյանը (51 կգ) եւ Շանթ Խաչատրյանը (65 կգ) արժանացել էին բրոնզե մեդալի:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում