19:16 1 մայիսի, 2018Աշխարհի գործող չեմպիոններ Արթուր Ալեքսանյանը եւ Մաքսիմ Մանուկյանը նվաճեցին Ռուսաստանի Կասպիյսկ քաղաքում շարունակվող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնության եզրափակիչի ուղեգիր:
Ռիո-2016 օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը 97 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում 1 րոպե 33 վայրկյանում 10:0 հաշվով հաղթեց ֆինն Էլիաս Կուսմանենին: Եզրափակիչում նրա մրցակիցը կլինի սերբ Միխեիլ Կաջայան:
Ալեքսանյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 1 րոպե 40 վայրկյանում հաղթել էր Իսրայելը ներկայացնող հայազգի Ռոբերտ Ավանեսյանին, իսկ երկրորդ գոտեմարտում ժամանակից շուտ 8:0 հաշվով ուժեղ էր գտնվել հույն Լոակրատիս Կեսիդիսից:
82 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը կիսաեզրափակիչում 8:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ հունգարացի Լասլո Սաբոյի նկատմամբ եւ դուրս եկավ եզրափակիչ, որտեղ կմրցի բելառուս Վիկտոր Սասունովսկու հետ: Մանուկյանը եւս մեկնարկել էր 1/8 եզրափակիչից՝ տուշեով հաղթելով խորվաթ Բոզո Ստարչեւիչին, իսկ քառորդ եզրափակիչում 5:2 հաշվով պարտության էր մատնել բուլղարացի Դանիել Ալեքսանդրովին:
67 կգ քաշային Կարեն Ասլանյանը 1/8 եզրափակիչում սերբ Մատե Նեմեշին 5:0 հաշվով հաղթելուց հետո հաջորդ փուլում 3:6 հաշվով պարտվել էր ռուս Արտյոմ Սուրկովին: Ռուս ըմբիշը նվաճել է եզրափակիչի ուղեգիր, ինչի շնորհիվ Ասլանյանը հնարավորություն ստացավ մայիսի 2-ին պայքարել բրոնզե մեդալի համար:
60 կգ քաշային Արմեն Մելիքյանը 1/8 եզրափակիչում մեկնարկել էր մոլդովացի Վիկտոր Չոբանուի նկատմամբ 8:7 հաշվով հաղթանակով, սակայն հաջորդ գոտեմարտում 4:12 հաշվով պարտվեց վրացի Դաթո Չխարտիշվիլիին: Վրացի ըմբիշը չկարողացավ դուրս գալ եզրափակիչ, եւ Արմեն Մելիքյանը զրկվեց բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորությունից:
Արթուր Ալեքսանյանի եւ Մաքսիմ Մանուկյանի եզրափակիչ գոտեմարտերը կկայանան մայիսի 2-ին:
Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնության առաջին օրը պայքարի մեջ մտած Հայաստանի 3 ներկայացուցիչներ Սլավիկ Գալստյանը (63 կգ), Կարապետ Չալյանը (77 կգ) եւ Արթուր Շահինյանը (87 կգ) մեդալ չէին նվաճել: Արթուր Շահինյանը հնարավորություն էր ստացել պայքարել բրոնզե մեդալի համար եւ մայիսի 1-ին մասնակցեց սփոփիչ գոտեմարտերի: Առաջին սփոփիչ գոտեմարտում նա 7:0 հաշվով հաղթեց լիտվացի Ջուլիուս Մատուզեւիչիուսին, սակայն երկրորդում 3:7 հաշվով պարտվեց գերմանացի Դենիս Կուդլային եւ լքեց պայքարը: Բրոնզե մեդալի համար գոտեմարտում Դենիս Կուդլայի մրցակիցը կլինի ադրբեջանցի Իսլամ Աբասովը:
Եվրոպայի առաջնությանն անցկացվում է նոր կանոնակարգով, եւ ըմբիշները կշռվում են մրցագորգ դուրս գալուց 2 ժամ առաջ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.