Երիտասարդ կիսապաշտպանը, ով 2016-ին մեկ ընկերական հանդիպման է մասնակցել Դանիայի երիտասարդական հավաքականի կազմում, անհամբերությամբ սպասում է հրավերի` Հայաստանի ազգային հավաքականից:
Էդգար, ընթացիկ մրցաշրջանում դու բավականին հաջող ես հանդես գալիս «Հոբրոյի» կազմում` դառնալով մեկնարկային կազմի խաղացող: Պատմիր ակումբային գործերիդ մասին:
«Ռանդերսից» տեղափոխվեցի «Հոբրո», որովհետև նախորդ ակումբում բավականաչափ խաղաժամանակ չէի ստանում: «Հոբրոյում» ինձ վստահում են, իսկ ես փորձում եմ հնարավորինս օգտակար լինել իմ թիմին: Փառք Աստծո, ամեն ինչ հաջող է դասավորվում:
Մեկ ամիս առաջ դու տպավորիչ հարվածով գրավեցիր ընթացիկ առաջնության առաջատար «Բրոնդբյուի» դարպասը: Կա՞ արդյոք հետաքրքրության Դանիայի ուժեղագույն ակումբների կողմից:
Ներկա պահին կան ակումբներ, որոնք հետաքրքրված են իմ ծառայություններով, սակայն այդ հարցերով զբաղվում է իմ գործակալը:
Երբ դու դեռ խաղում էիր «Ռանդերսի» երկրորդ թիմում, դանիական ակումբի գլխավոր թիմում հանդես էին գալիս Ռոբերտ Արզումանյանն ու Յուրա Մովսիսյանը: Կապ պահպանու՞մ ես նրանց հետ:
Այո, ես ծանոթացա Ռոբերտի և Յուրայի հետ «Ռանդերսում»: Նրանք իմ լավ ընկերներն են: Մինչ այժմ հաճախ շփվում եմ Արզումանյանի հետ:
Որքա՞ն լավ ես դու տիրապետում հայերենին:
Չեմ կարող ասել, որ 100 տոկոսով տիրապետում եմ լեզվին, սակայն բավականին լավ եմ խոսում հայերեն:
Օրերս Հայաստանի հավաքականը կրկին գլխավորեց Վարդան Մինասյանը: Կապնվել են արդյո՞ք քեզ հետ ֆուտբոլի ֆեդերացիայից և որքանո՞վ է հավանական, որ դու կհրավիրվես ազգային թիմի առաջիկա ընկերական խաղերին:
Մի քանի շաբաթ առաջ Դանիայում ես հանդիպեցի հավաքականի նախկին մարզիչ Արթուր Պետրոսյանի հետ, ով նշեց, որ հետևում է իմ մրցելութներին:
Նոր գլխավոր մարզիչի հետ ես առայժմ չեմ զրուցել, սակայն, եթե ինձ հրավիրեն հավաքական, ես մեծ հաճույքով կմիանամ ազգային թիմին:
Սամվել Սուքիասյան
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում