Դանիական «Հոբրոյի» կիսապաշտպան Էդգար Բաբայան. Մեծ հաճույքով կմիանամ Հայաստանի հավաքականին (ֆոտո, վիդեո)

09:12   20 ապրիլի, 2018
NEWS.am Sport-ի թղթակիցը զրուցել է դանիական «Հոբրոյի» կիսապաշտպան Էդգար Բաբայանի հետ: Ընթացիկ մրցաշրջանում 22-ամյա ֆուտբոլիստը 25 հանդիպում է անցկացրել դանիական Սուպերլիգայում` դառնալով 3 գոլի և մեկ արդյունավետ փոխանցման հեղինակ:

Երիտասարդ կիսապաշտպանը, ով 2016-ին մեկ ընկերական հանդիպման է մասնակցել Դանիայի երիտասարդական հավաքականի կազմում, անհամբերությամբ սպասում է հրավերի` Հայաստանի ազգային հավաքականից:

Էդգար, ընթացիկ մրցաշրջանում դու բավականին հաջող ես հանդես գալիս «Հոբրոյի» կազմում` դառնալով մեկնարկային կազմի խաղացող: Պատմիր ակումբային գործերիդ մասին:

«Ռանդերսից» տեղափոխվեցի «Հոբրո», որովհետև նախորդ ակումբում բավականաչափ խաղաժամանակ չէի ստանում: «Հոբրոյում» ինձ վստահում են, իսկ ես փորձում եմ հնարավորինս օգտակար լինել իմ թիմին: Փառք Աստծո, ամեն ինչ հաջող է դասավորվում:

Մեկ ամիս առաջ դու տպավորիչ հարվածով գրավեցիր ընթացիկ առաջնության առաջատար «Բրոնդբյուի» դարպասը: Կա՞ արդյոք հետաքրքրության Դանիայի ուժեղագույն ակումբների կողմից:

Ներկա պահին կան ակումբներ, որոնք հետաքրքրված են իմ ծառայություններով, սակայն այդ հարցերով զբաղվում է իմ գործակալը:

Երբ դու դեռ խաղում էիր «Ռանդերսի» երկրորդ թիմում, դանիական ակումբի գլխավոր թիմում հանդես էին գալիս Ռոբերտ Արզումանյանն ու Յուրա Մովսիսյանը: Կապ պահպանու՞մ ես նրանց հետ:

Այո, ես ծանոթացա Ռոբերտի և Յուրայի հետ «Ռանդերսում»: Նրանք իմ լավ ընկերներն են: Մինչ այժմ հաճախ շփվում եմ Արզումանյանի հետ:

Որքա՞ն լավ ես դու տիրապետում հայերենին:

Չեմ կարող ասել, որ 100 տոկոսով տիրապետում եմ լեզվին, սակայն բավականին լավ եմ խոսում հայերեն:

Օրերս Հայաստանի հավաքականը կրկին գլխավորեց Վարդան Մինասյանը: Կապնվել են արդյո՞ք քեզ հետ ֆուտբոլի ֆեդերացիայից և որքանո՞վ է հավանական, որ դու կհրավիրվես ազգային թիմի առաջիկա ընկերական խաղերին:

Մի քանի շաբաթ առաջ Դանիայում ես հանդիպեցի հավաքականի նախկին մարզիչ Արթուր Պետրոսյանի հետ, ով նշեց, որ հետևում է իմ մրցելութներին:

Նոր գլխավոր մարզիչի հետ ես առայժմ չեմ զրուցել, սակայն, եթե ինձ հրավիրեն հավաքական, ես մեծ հաճույքով կմիանամ ազգային թիմին:

Սամվել Սուքիասյան



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.