16:01  ,  8 ապրիլի, 2018

ՀԿԿՖ նախագահ. Հայաստանում այսպիսի մակարդակով մարզական միջոցառում երբեւէ չեմ տեսել (ֆոտոշարք)

Երեւանում ընթացող կիոկուշին կարատեի Եվրոպայի առաջնությանը նախապես հայտավորված թուրք մարզիկները այդպես էլ չեն ժամանել. Հայաստան գալու հետ կապված ինչ-որ խնդիրներ են առաջացել:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանը:

Ապրիլի 7-8-ը Երեւանում անցկացվում է կիոկուշին կարատեի Եվրոպայի առաջնություն՝ Հայասանի սպորտի նախարարության, ՀԱՕԿ-ի եւ Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ:

Ապրիլի 8-ին կայացավ առաջնության բացման հանդիսավոր արարողությունը (NEWS.am Sport Live): Մասնակցում է 27 պետությունների 700 մարզիկ: Առաջնությանը հետեւում է կիոկուշին կարատեի միջազգային ֆեդերացիայի փոխնախագահը եւ ներկայացուցիչները, Հայաստանում արեւելյան մարտարվեստների տարբեր ֆեդերացիաների նախագահներ ու անդամները: Սակայն Հայաստանում անցկացվող Եվրոպայի առաջնությանը այդպես էլ չներկայացան Հայաստանի սպորտի նախարար Հրաչյա Ռոստոմյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ներկա չէր նաեւ քաղաքապետի խորհրդական Գոռ Վարդանյանը, ով նույնպես հրավիրված է եղել եւ ում հետ վերջին շրջանում խնդիրներ ունեն արեւելյան մարտարվեստների հանրապետական ֆեդերացիաները:

«Եվրոպայի առաջնությունը կազմակերպել ենք բարձր մակարդակով: Ինքնագովազդ չհնչի, բայց Հայաստանում ես այսպիսի մարզական միջոցառում երբեւէ չեմ տեսել, որ այս մակարդակով անցկացվի: Ունենք 1000-ից ավել հյուրեր, բոլորը հիացած են մեր կազմակերպած միջոցառումից: Մասնակից երկրների թիվը պետք է լիներ 28, բայց Թուրքիայից հայտ ներկայացրած կարատեսիտների թիմը այդպես էլ չժամանեց, քանի որ Հայաստան գալու հետ կապված ինչ-ինչ խնդիրներ են առաջացել:

Մրցաշարը մեծ ստացվեց, նույնիսկ մեր պատկերացրածից մեծ: Դեռ, իհարկե, աշխատելու տեղ շատ ունենք, բայց բոլորիս սպասելիքները արդարացված են: Ուժեղ մարզիկներ են պայքարի մեջ: Հայ մարզիկները դեռեւս զիջում են իրենց տեխնիկայով, դեռ այդքան էլ ուժեղ չենք, բայց նոր եկող սերունդը մեզ դեռ շատ կուրախացնի բարձր արդյունքներով: Այլ երկրներում այս մարտարվեստն ավելի զարգացած է, քանի որ պետական մակարդակով աջակցությունը ավելի մեծ է, քան մեր երկրում: Հենց այս պատճառով մեծահասակների տարիքային խմբում հայ մարզիկները դեռ զիջում են: Այս մրցաշարով ցույց տվեցինք ամբողջ աշխարհին, որ մեր երկիրն էլ կարող է խոշոր մրցաշար ընդունել եւ բարձր մակարդակով անցկացնել»,- ասաց Անդրանիկ Հակոբյանը:

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ Էմմա Ասատրյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում