20:09  ,  3 ապրիլի, 2018

Կլոպ. Մենք կարող ենք հաղթել «Մանչեսթեր Սիթիին», բայց բարդ կլինի

«Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը ներկայացրել է սպասելիքները «Մանչեսթեր Սիթիի» դեմ Չեմպիոններ լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղից, որը տեղի կունենա Լիվերպուլում:

«Մենք կարող ենք հաղթել «Մանչեսթեր Սիթիին», բայց դա բարդ կլինի: Խաղալու ենք Եվրոպայի լավագույն թիմերից մեկի դեմ: Մենք պետք է ցուցադրենք մեր լավագույն ֆուտբոլը եւ կատարենք մեծ աշխատանք: «Լիվերպուլը» ցանկանում է դուրս գալ կիսաեզրափակիչ: Ակնհայտ էր, որ այս ճանապարհին հանդիպելու ենք լավագույններից մեկի հետ: «Մանչեսթեր Սիթին» առանձնահատուկ թիմ է, բայց «Լիվերպուլը» եւս հիմա լավ վիճակում է: Ինչ վերաբերում է Գվարդիոլայի գլխավորած թիմերի հետ իմ դրական արդյունքներին, ապա ես երբեք չեմ հաղթել Խոսեպին: Դրան հասել են իմ ղեկավարած թիմերը: Մարզչական դիմակայության այս պատմությունը կարեւոր չէ: Խոսեպն այդ պատճառով չի անհանգստանում, ես էլ հպարտություն չեմ զգում»,- Կլոպի խոսքը մեջբերում է անգլիական ակումբի մամուլի ծառայությունը:

«Լիվերպուլ» - «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը տեղի կունենա ապրիլի 4-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:45-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում