13:22  ,  28 փետրվարի, 2018

Հայաստանում Չեխիայի դեսպանատունը մուտքի վիզա չի տրամադրել հաշմանդամություն ունեցող մարզիկին (ֆոտո)

Հայաստանում Չեխիայի դեսպանատունը մուտքի վիզա չի տրամադրել հաշմանդամություն ունեցող մարզիկին` մասնակցելու Չեխիայում կայանալիք Պարալիմպիկ խաղերի վարկանիշային մրցաշարին: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտնեց Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյանը:

Մարտի 9-18-ը Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում կկայանա 12-րդ ձմեռային Պարալիմպիկ խաղերը: Հայաստանը կունենա մեկ ներկայացուցիչ` Ստասիկ Նազարյանը, որը հանդես կգա դահուկավազքի 1 կմ սպրինտ մրցաձեւում:

«Այս պահին հաստատված է մեկ մարզիկի մասնակցությունը դահուկային սպորտում: Հնարավոր է՝ եւս մեկ մասնակից ունենանք լեռնադահուկային սպորտում, բայց նրա մասնակցությունը դեռ հաստատված չէ: Լեռնադահուկային սպորտում կմասնակցի Սասուն Հակոբյանը, եթե Միջազգային պարալիմպիկ կոմիտեն ընդառաջի եւ Փհենչհանում հաստատի նաեւ նրա մասնակցությունը: Սասուն Հակոբյանը ձեռք կբերեր Պարալիմպիկ խաղերի մասնակցության իրավունք, եթե Հայաստանում Չեխիայի դեսպանատունը չխոչընդոտեր մարզիկի վիզա ստանալուն: Չեխիայում կար միջազգային մրցաշար, որտեղ լավ արդյունքներ գրանցելու դեպքում մեր մարզիկը հնարավորություն կստանար մասնակցել Փհենչհան-2018-ին: Դժբախտաբար, չեխական դեսպանատունը մեզ վիզա չտվեց այն ժամանակ, երբ մեզ հարկավոր էր, այլ դրա փոխարեն առաջարկում էին մեզ վիզա տրամադրել ավելի ուշ, երբ մեզ արդեն պետք չէր: Չնայած արդեն հայթայթել ենք ճանապարհածախսը, բայց, փաստորեն, Չեխիայի դեսպանատունը մեզ ընդառաջ չգնաց:

Այս պահին փաստացի ունենք մեկ մարզիկ դահուկավազքից: Փհենչհան կմեկնենք մարտի 5-ին` 5 հոգանոց պատվիրակությամբ: Պարալիմպիկ խաղերի համար ստացել ենք պետական աջակցություն՝ մարզագույք, մարզահագուստ: Դիմել ենք Միջազգային պարալիմպիկ կոմիտեի նախագահին, նրա հետ ունենք անձնական կապեր եւ խնդրել ենք, որ բացառության կարգով միջամտի եւ Հայաստանին տա եւս մեկ մասնակցի հայտ: Այժմ սպասում ենք նրա պատասխանին»,- ասաց Հակոբ Աբրահամյանը:

Փհենչհան-2018 Պարալիմպիկ խաղերին Հայաստանը մեկնում է միայն մասնակցության համար՝ այնպես, ինչպես 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում Հայաստանի 3 ներկայացուցիչները: Այս մասին փաստեց նաեւ Հակոբ Աբրահամյանը՝ նշելով, որ մեծ ակնկալիքներ չունեն:

«Սպասելիքներ չունենք: Ապահովում ենք միայն մեր մասնակցությունը: Դեռ չունենք այն արդյունքները, որ կարողանանք մեդալային պայքարի մեջ մտնել: Մեր մարզիկը Պարալիմպիկ խաղերից առաջ արդեն մարզումային փուլ է անցել Ծաղկաձորում, բայց դա դեռ քիչ է բարձր արդյունքներ ակնկալելու համար».- ասաց Հակոբ Աբրահամյանը:

Պարալիմպիկ խաղերում Հայաստանի միակ ներկայացուցիչ Ստասիկ Նազարյանի խոսքով, տարվա ընթացքում մեկ մրցաշարի մասնակցելով եւ միայն մեկ ամիս մարզվելով՝ արդյունքներ չեն լինի:

«Ձմեռային Պարալիմպիկ խաղերին մասնակցելն ինձ համար արդեն մեծ հաջողություն է: Կփորձեմ հնարավորություններիս չափ հանդես գալ: Ցանկալի կլիներ, որ ավելի լավ արդյունքներ ունենայի, բայց հասկանալի է, որ տարվա մեջ մեկ ամիս մարզումների հնարավորություն ունենալով եւ մեկ մրցաշարի մասնակցելով՝ չես կարող լավ արդյունքներ ունենալ: Դրա համար պետք են երկար մարզումներ, շատ մրցումներ: Եթե լինեն այդ հնարավորությունները, մենք վստահ կունենանք լավ արդյունքներ: Հայաստանում կան շատ լավ պարալիմպիկ մարզիկներ, ովքեր հնարավորություն ունենալու դեպքում կունենան շատ լավ արդյունքներ»,- ասաց պարալիմպիկ մարզիկը:

Լրագրողների հետ հանդիպումից հետո Հայաստանի պատվիրակությունը ստացավ համազգեստ:

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ Էմմա Ասատրյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում