11:44  +04,  16 փետրվարի, 2018

ՕԽ-2018․ Միքայել Միքայելյանը ավարտեց ելույթը

Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում շարունակող 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում ելույթն ավարտեց նաեւ Հայաստանի ներկայացուցիչ Միքայել Միքայելյանը։

Փետրվարի 16-ին 18-ամյա դահուկորդը հանդես եկավ 15 կմ դասական ոճում եւ, գրանցելով 39 րոպե 01․4 վայրկյան արդյունք, զբաղեցրեց 83-րդ տեղը։ Եզրագիծը հատեցին մրցմանը մասնակցած 116 դահուկորդներ։

Այս մրցաձեւում հաղթեց շվեյցարացի Դարիո Կոլոնյան, որ ցուցադրեց 33.43,9 արդյունք եւ դարձավ քառակի օլիմպիական չեմպիոն։ Երկրորդ տեղ գրավեց նորվեգացի Սիմեն Կրյուգերը, իսկ ռուսաստանցի Դենիս Սպիցովն արժանացավ բրոնզե մեդալի։

Դարիո Կոլոնյան դարձավ առաջին դահուկորդը, որը 3 Օլիմպիական խաղերում ոսկե մեդալ նվաճեց նույն մրցատարածությունում։ 15 կմ դասական ոճում նա հաղթել էր նաեւ Վանկուվեր-2010-ում եւ Սոչի-2014-ում։

Հիշեցնենք, որ փետրվարի 13-ին Միքայել Միքայելյանը հանդես էր եկել նաեւ դահուկավազքի սպրինտում (դասական ոճ), որում 80 մարզիկների մեջ գրավել էր 72-րդ տեղը։ Սա նրա վերջին ելույթն էր Փհենչհան-2018-ում։

Նախօրեին ելույթն ավարտել էր նաեւ Հայաստանի միակ կին ներկայացուցիչ Կատյա Գալստյանը, որը դահուկավազքի 10 կմ դասական ոճում 90 մասնակիցների մեջ գրավել էր 72-րդ տեղը։ Գալստյանի արդյունքն էր՝ 30 րոպե 25.1 վայրկյան։

Փհենչհան-2018-ում Հայաստանի վերջին ներկայացուցիչ Աշոտ Կարապետյանը հանդես կգա միայն լեռնադահուկային սպորտի հատուկ ոլորավայրէջքում (փետրվարի 22):

Հիշեցնենք, որ Փհենչհան-2018-ում վիճարկվում է մեդալների 102 հավաքածու, ինչը ռեկորդային ցուցանիշ է ձմեռային Օլիմպիական խաղերի պատմության մեջ:

Լուսանկարը՝ Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ