15:50  ,  9 փետրվարի, 2018

Փհենչհան-2018. Հայաստանի պատվիրակությունն՝ օլիմպիական շքերթին (ֆոտո)

Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում մեկնարկել է 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի բացման արարողությունը:

Գեղեցիկ ներկայացումից հետո մեկնարկել է օլիմպիական շքերթը, որին մասնակցեց նաեւ հայկական պատվիրակությունը: Հայաստանի դրոշակակիրն էր դահուկորդ Միքայել Միքայելյանը: Շքերթին Հայաստանից մասնակցեցին նաեւ պատվիրակության ղեկավար Գագիկ Բոլշիկյանը, օլիմպիականներ Կատյա Գալստյանը, Աշոտ Կարապետյանը, դահուկավազքի եւ լեռնադահուկային սպորտի Հայաստանի հավաքականների մարզիչներ Արթուր Միքայելյանն ու Սեյրան Հարությունյանը եւ Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանը Փհենչհան-2018-ում ունի 3 ներկայացուցիչ՝ դահուկորդներ Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը եւ լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը: Կատյա Գալստյանը մասնակցել էր նաեւ Սոչի-2014 Օլիմպիական խաղերին: Հայ մարզիկները պայքարի մեջ կմտնեն փետրվարի 13-ին: Առաջինը հանդես կգան Միքայել Միքայելյանը եւ Կատյա Գալստյանը:

Փհենչհան-2018-ում 15 մարզաձեւերում կվիճարկվի մեդալների 102 հավաքածու:  Ձմեռային Օլիմպիական խաղերում հանդես կգան ռեկորդային թվով մարզիկներ: Փհենչհան-2018-ին կմասնակցեն 92 երկրների 2925 մարզիկներ, ինչը ռեկորդային ցուցանիշ է ձմեռային Օլիմպիական խաղերի պատմության մեջ: Առաջին անգամ ձմեռային Օլիմպիական խաղերում հանդես կգան Մալայզիայի, Սինգապուրի, Էկվադորի, Նիգերիայի, Կոսովոյի եւ Էրիթրեայի մարզիկները:

Ռուսաստանցի մարզիկները շքերթին մասնակցեցին օլիմպիական դրոշով, իսկ դրոշակակիրն էր կամավորական: Ավելի վաղ Միջազգային օլիմպիական կոմիտեն հակադոպինգային կանոնադրության խախտումների համար որակազրկել է Ռուսաստանի Ազգային օլիմպիական կոմիտեին, այդ պատճառով ռուս մարզիկները կներկայացվեն «Օլիմպիական մարզիկներ Ռուսաստանից»՝ անգլերեն «Olympic Athlete from Russia» կամ OAR:

Հարավային Կորեայի եւ Հյուսիսային Կորեայի պատվիրակությունները շքերթին մասնակցեցին միասին, թեեւ երկու երկրները պատերազմի մեջ են:

Հայաստանի ներկայացուցիչների մրցելույթների ժամանակացույցը 

Կատյա Գալստյան - սպրինտ, փետրվարի 13, ժամը 12:30-ին  (Երեւանի ժամանակով)

Միքայել Միքայելյան - սպրինտ, փետրվարի 13, ժամը 13:05

Կատյա Գալստյան - 10 կմ ազատ ոճ, փետրվարի 15, ժամը 10:30

Միքայել Միքայելյան - 15 կմ ազատ ոճ, փետրվարի 16, ժամը 10:00

Աշոտ Կարապետյան - հսկա ոլորավայրէջք, փետրվարի 18, ժամը 05:15

Աշոտ Կարապետյան - հատուկ ոլորավայրէջք, փետրվարի 22, ժամը 05:15

Ֆոտո՝ twitter.com/pyeongchang2018

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում