17:22  ,  7 փետրվարի, 2018

Կարամբյո. Հույս ունեմ, որ մի օր էլ Մխիթարյանն աշխարհի գավաթը կբերի Հայաստան

Հույս ունեմ, որ այս աշխարհի գավաթը մի օր կժամանի նաեւ Հայաստան եւ Մխիթարյանը, Ղազարյանը, Հայաստանի ազգային հավաքականը հնարավորություն կունենան այն ներկայացնել ձեզ:

Այս մասին ասել է Ֆրանսիայի հավաքականի կազմում 1998 թվականի աշխարհի չեմպիոն Քրիստիան Կարամբյոն Երեւանում ֆուտբոլի աշխարհի առաջնության գավաթը ներկայացնելիս:

«Շատ ուրախ եմ գտնվել Հայաստանում: Երբ Ֆրանսիայի հավաքականի կազմում նվաճեցինք աշխարհի չեմպիոնի տիտղոսը, այդ ժամանակ մեր թիմում ունեինք երկու հայ խաղացող` Ալեն Բոգոսյանը եւ Յուրի Ջորկաեֆը: Գավաթը նվաճելը, գլխավերեւում պահելը յուրաքանչյուր երկրի հավաքականի գլխավոր նպատակն ու երազանքն է: Եվ ես հույս ունեմ, որ մեկ օր Մխիթարյանին, Ղազարյանին կհաջողվի այս գավաթը բերել նաեւ Հայաստան, պահել իրենց ձեռքերում»,- ասաց Քրիստիան Կարամբյոն:

Մամուլի ասուլիսից հետո Գավաթի կազմակերպվեց նաեւ հանրային ցուցադրությունը Ազատության հրապարակում, որտեղ արդեն հավաքված էին մոտ 200 ֆուտբոլասերներ:

Գավաթը Ազատության հրապարակ դուրս բերեց Քրիստիան Կարամբյոն, ով հավաքվածներին ողջունեց հայերեն` «Բարի օր, Երեւան»: Աշխարհի չեմպիոնը գավաթը ձեռքին շրջեց հրապարակում, հետո այն տեղադրվեց պատվանդանի վրա եւ հավաքվածներին հնարավորություն տրվեց մի քանի մետր հեռավորությունից սելֆի անել գավաթի ֆոնին:

Հանրային ցուցադրությունը տեւեց շուրջ մեկ ժամ, որից հետո փակ միջոցառման ժամանակ աշխարհի գավաթը Քրիստիան Կարամբյոյից կընդունի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում