17:15  ,  2 փետրվարի, 2018

Կարեն Խաչանով. Անչափ սիրում եմ Հայաստանը

Թեեւ ծնվել եւ մեծացել եմ Ռուսաստանում, բայց միշտ սերտ կապ եմ ունեցել Հայաստանի հետ, անչափ սիրում եմ Հայաստանը։ Այս մասին ասել է 22-ամյա պրոֆեսիոնալ թենիսիստ, Ռուսաստանի սպորտի վարպետ, համաշխարհային դասակարգման 49–րդ համար Կարեն Խաչանովը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում։

Կարեն, որտե՞ղ եք ծնվել եւ ի՞նչ գիտեք Ձեր հայկական արմատների մասին:

Ես ծնվել եմ Մոսկվայում, բայց արմատներով հայ եմ թե հայրական, թե մայրական կողմից։ Պապս ծնվել եւ մեծացել է Երեւանում։ Տարիներ անց ընտանիքի հետ տեղափոխվել է Մոսկվա։ Մայրական կողմից պապս նույնպես արմատներով հայ է։

Ինչպե՞ս եք ընտրել թենիսը:

3 տարեկանում մայրս ինձ առաջին անգամ տարել է թենիսի կորտեր։ Այդ տարիքից սկսել եմ հաճախել թենիսի խմբակների։ Տարիքի հետ սկսեցի ավելի շատ խաղալ թենիս եւ սիրել այս մարզաձեւը։ 12 տարեկանում արդեն երազում էի պրոֆեսիոնալ թենիսիստ դառնալու մասին։

Ի՞նչն  է  Ձեզ գրավում թենիսում:

Ամեն ինչը․․․ Սա անհատական մարզաձեւ է, դու մենակ ես կորտում, ամեն ինչ կախված է քեզնիցթենիսի խաղն, ասես, քո սեփական բնավորության, ինքնատիրապետման եւ կամքի ուժի փորձություն լինի։

Ո՞ր ծածկույթով կորտում եք Ձեզ ավելի լավ զգում:

Ես սիրում եմ խաղալ հողե եւ ռետինե ծածկույթի վրա։ Երկուսի վրա էլ ինձ լավ եմ զգում, բայց փորձում եմ յուրաքանչյուր ծածկույթի վրա էլ բարձր որակներով խաղ ցուցադրել եւ ինձ հնարավորինս լավ դրսեւորել։

Մեծ թենիսում ո՞վ է եղել Ձեր առաջին մարզիչը եւ այժմ ի՞նչ հարաբերություններ ունեք նրա հետ:

Հնարավորության սահմաններում փորձում եմ կապ պահպանել մարզական կարիերայումս ինձ հետ աշխատած յուրաքանչյուր մարզիչի հետ։ Պատանեկան տարիքում իմ անձնական մարզիչը եղել է խորվաթ Վեդրան Մարտիչը։ Ի դեպ, այս տարվանից ես կրկին նրա հետ եմ համագործակցելու։

Համաշխարհային դասակարգման աղյուսակում Դուք այժմ 49–րդ տեղում եք։ Երբեւէ պատկերացրե՞լ  էիք, որ Ձեր կարիերան այսքան հաջող կլինի:

Ես երկար ու բարդ ճանապարհ եմ անցել, շատ աշխատել, որպեսզի հասնեմ այն արդյունքներին, որոնք այժմ ունեմ։ Բայց դեռեւս սա իմ նպատակների միայն կեսն է․ ես չեմ բավարարվում այս հաջողություններովցանկանում եմ վարկանիշային աղյուսակում մի օր առաջինը լինել։  

Պարտություններն ինչպե՞ս եք հաղթահարում:

Բնականաբար, ոչ ոք չի սիրում պարտվել: Սովորաբար փորձում եմ այս կամ այն պարտությունից հետո մշտապես ճիշտ ենթադրություններ անել, սխալներս գտնել, վերլուծել պարտությանս պատճառները, որպեսզի հետագայում այդ նույն սխալները թույլ չտամ: Բայց իրականում առանց պարտությունների մեծ հաղթանակներ չեն լինում:

Իսկ ի՞նչը կարող է թենիսում դառնալ հիասթափության պատճառ:

Շատ մարզիկների մոտ հիասթափության պատճառ կարող են դառնալ վնասվածքները, բայց ինձ մոտ հիասթափություն կարող է լինել սեփական հնարավորությունների ոչ ճիշտ օգտագործումը:

Կարեն, անցած տարի հետաքրքիր խաղեր ունեցաք «Մեծ Սաղավարտի» մի քանի մրցաշարերում: Ո՞րն է ամենաշատը տպավորվել:

Անցած տարի շատ մրցաշարերի մասնակցեցի, ունեցա գեղեցիկ հաղթանակներ, բայց դրանց կողքին եղան նաեւ ցավալի պարտություններ: Այս առումով անցած տարին ինձ համար կայուն չէր: Բայս այս ամենի հետ մեկտեղ նաեւ գիտակցում եմ, որ մեծ աշխատանք տարա, խաղային փորձ ձեռք բերեցի, առաջընթաց ունեցա եւ այս տեսանկյունից ինձ համար 2017-ը գնահատում եմ դրական: Լավ արդյունքներ գրանցեցի: 2017-ում ինձ համար ամենատպավորիչը «Ռոլան Գարոսի» 4-րդ շրջան, «Ուիմբլդոնի» 3-րդ շրջան դուրս գալն էր, ինչպես նաեւ մեր ժամանակների լեգենդար թենիսիստների հետ խաղերով:

«Ռոլան Գարոսում» Դուք փայլուն հանդես եկաք եւ հասաք 1/8-րդ եզրափակիչ: Ի՞նչ զգացողություններ ունեիք, երբ առաջին շրջանում հանդիպեցիք աշխարհի 10 լավագույն թենիսիստներից չեխ Տոմաշ Բերդիխի հետ:

Տոմաշ Բերդիխի հետ խաղը շատ հետաքրքիր, լարված ստացվեց, բայց կարծում եմ, բարձրակարգ խաղ ստացվեց, հենց այդ պատճառով էլ հասա հաղթանակի: «Ռոլան Գարոսը» «Մեծ Սաղավարտի» իմ ամենասիրելի մրցաշարերից է եւ շատ կուզեմ, մի օր հաղթել այդ մրցաշարում: Իհարկե, ցանկալի կլիներ «Մեծ սաղավարտի» բոլոր մրցաշարերում հաղթող ճանաաչվել գոնե մեկ անգամ:

Ինչը չբավարարեց նույն մրցաշարի 1/8-րդ եզրափակիչում այն ժամանակվա աշխարհի առաջին ռակետ Էնդի Մարեյին հաղթելուն:

Չբավարարեց խաղային փորձը գեյմի կարեւորագույն գնդակների ժամանակ: Ես այդ ժամանակ դեռ չունեի առաջատար թենիսիստների հետ խաղային փորձ:

Ո՞ր թենիսիստին եք համակրում, ո՞վ է Ձեր ոգեւշնչման աղբյուրը գործող կամ արդեն կարիերան ավարտած թենիսիտներից:

Նախկին թենիսիստներից ինձ շատ է դուր եկել Մարատ Սաֆինը, նրա խաղաոճն ինձ շատ հոգեհարազատ է եղել: Հիմա հիանում եմ Խուան Մարտին Դել Պոտրոյով: Նա հրաշալի թենիսիստ է:

Ռուսաստանի հավաքականում ի՞նչ կարգավիճակ ունեք:

Այս պահին ես Ռուսաստանի հավաքականի կազմում հանդես եմ գալիս 2-րդ համարով: Հավաքականի անդամներից բոլորի, ինչպես նաեւ գլխավոր մարզիչի հետ լավ փոխհարաբերությունների մեջ եմ:

Ե՞րբ եք եղել Հայաստանում, ի՞նչ նպատակով եւ ի՞նչ հարաբերությունների մեջ եք Հայաստանը ներկայացնող թենիսիստների հետ:

Վերջին անգամ Հայաստանում եղել եմ 2010 թվականին. եկել էի մրցաշարի մասնակցելու, բացի այդ նաեւ Հայաստանում շրջելու: Շատ սիրում եմ Հայաստանը եւ այդտեղ ունեմ լավ ընկերներ: Ափսոսում եմ միայն, որ մրցաշարերի առումով գրաֆիկս շատ հագեցած է եւ հնարավորություն չեմ ունենում ավելի հաճախակի լինել Հայաստանում: Ծանոթ եմ եւ լավ հարաբերությունների մեջ հայ թենիսիստների հետ, ճանաչում եմ նաեւ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչին:

Կցանկանայի՞ք մի օր ներկայացնել Հայաստանը: Երբեւէ մտածե՞լ եք այդ մասին:

Կարծում եմ, դա անհնար է, այդ պատաճռով երբեւէ չեմ մտածել այդ մասին, քանի որ ես ծնվել եմ Մոսկվայում եւ իմ ամբողջ կյանքն անցկացրել Ռուսաստանում, բայց ես նաեւ շատ սիրում եմ Հայաստանը, հարգում եւ պատվում եմ իմ հայկական արմատները:

Ե՞րբ  Ձեզ կտեսնենք Հայաստանում:

Անմիջապես, երբ ստեղծվի նման հնարավորություն:

Ո՞րն է Ձեր մեծ երազանքը մեծ սպորտում:

Լինել առաջին ռակետ եւ Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր: Ես սովորաբար չեմ դնում ինձ ժամանակային սահմանների մեջ: Մեծ սպորտում փորձում եմ լինել այնպիսին, ինչպիսին կամ, մեծ երազանքներով չեմ առաջնորդվում: Նախընտրում եմ կենտրոնանալ իմ պլանային մարզումների, մեծ քանակով աշխատանքի վրա, հետագայում արդեն ժամանակը ցույց կտա, թե ինձ դեպի ուր կտանի այս ամենը:

Տեղյակ եմ, որ ամուսնացած եք: Ինչպե՞ս եք համատեղում ընտանիքն ու սպորտը: Չե՞ն խանգարում մեկը մյուսին:

Հեշտ եմ համատեղում ընտանեկան կյանքն ու սպորտը: Կինս ամենուր, ամեն մրցաշարի ինձ մշտապես ուղեկցում է, աջակցում, երկրպագում եւ առհասարակ օգնում է յուրաքանչյուր հարցում:

Ձեզ համարո՞ւմ եք երջանիկ մարդ: Եթե ունենայիք հնարավորություն, ի՞նչ կփոխեիք Ձեր կյանքում:

Այո, ես երջանիկ մարդ եմ ինձ համարում: Եթե նորից սկսելու հնարավորություն ունենայի, վստահ ոչինչ չէի փոխի իմ կյանքում, ամենը կապրեի այնպես, ինչպես ապրել եմ:

Լուսինե Շահբազյան

Ֆոտո՝ twitter.com/karenkhachanov

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով