20:20  ,  31 հուլիսի, 2012

Արման Վահանյան. Մինչեւ խնդիրները չլուծվեն, պետք չէ սպասել լավ արդյունքի

«Օլիմպիական խաղերում Միքայել Քոլոյանի թույլ ելույթը պայմանավորում եմ նրա ուսերի վնասվածնքերի խնդրով: Իսկ եթե ես լինեի նրա կողքին, նա բնականաբար, ավելի լավ արդյունք կցուցաբերեր»,- NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Լոնդոնի Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող լողորդ Միքայել Քոլոյանի ելույթը մեկնաբանեց  Միքայել Քոլոյանի եւ Անահիտ Բարսեղյանի անձնական մարզիչ Արման Վահանյանը:

30-րդ Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացավ երկու լողորդներով. Միքայել Քոլոյան եւ Անահիտ Բարսեղյան: Անահիտ Բարսեղյանը մեկնարկի դուրս եկավ հուլիսի 29-ին եւ ցույց տվեց 1:08.19 արդյունք՝  զբաղեցնելով նախավերջին՝ 44-րդ տեղը: Միքայել Քոլոյանը մեկնարկի դուրս եկավ այսօր՝ հուլիսի 31-ին եւ ցույց տվեց 53.82 վայրկյան արդյունք՝ զբաղեցնելով 45-րդ տեղը:

Հայ օլիմպիականների ելույթները NEWS.am Sport-ին մեկնաբանեց Արման Վահանյանը:
Արման, ինչպե՞ս կգնահատեք Հայաստանի լողորդների ելույթները Լոնդոնում:

Միքայելի ելույթը մի քիչ թույլ էր: Վերջին մետրները  «չձգեց»: Չեմ կարող ասել, թե ինչ էր Միքայելի խնդիրը: Քանի որ ես այստեղ եմ, չեմ կարող ասել բուն պատճառները որոնք էին:
Ինչ վերաբերվում է Անահիտ Բարսեղյանին, ապա նրա ելույթից շատ գոհ եմ: Անահիտը շատ լավ լողաց: Հանրապետության ռեկորդ սահմանեց:

Միքայելի  խնդիրը ո՞րն էր: Գուցե անձնական մարզիչի բացակայությո՞ւնն էր խնդիրը:

Չեմ կարող այդպես որակել Միքայելի անհաջող ելույթի պատճառը: Չեմ էլ կարող մեղադրել, որ անձնական մարզիչի բացակայությունը նրան խանգարեց: Բայց Միքայելը եւ Անահիտը 12 օր մնացել են առանց մարզիչի: Իսկ այդ ընթացքում՝ ի՞նչ է կատարվել, ինչ՝ ոչ, ի՞նչ է լրացվել, ինչը՝ ոչ, դա արդեն չեմ կարող ասել: Ընդամենը հեռախոսով խոսելով չեմ կարող հասկանալ Միքայելի վատ ելույթի պատճառը:

Այնուամենայնիվ, ունեք վարկած, թե ի՞նչը կարող էր Միքայելին խանգարել  մրցատարածության վերջին հատվածում։

Ես պարբերաբար զրուցել եմ Միքայելի հետ: Լարվածություն չուներ, անհանգստություն՝ եւս: Կարծում եմ, նրան խանգարել է ուսերի հետ ունեցած խնդիրը: Երեկ երեկոյան, երբ զրուցում էի նրա հետ, ասաց՝ ամեն ինչ նորմալ է: Միայն մի փոքր ուսերս են ծանր:

Միքայելը ուսերի խնդիր նախկինում ունեցե՞լ է:

Այո: Սա հին վնասված է, որը նա ստացել է փորք տարիքում ծանրամարտով զբաղվելու տարիներին: Այդ ժամանակից նա պարբերաբար դժգոհել է իր ուսերից: Իսկ մենք մշտապես բժիշկների մոտ ենք եղել ուսերի խնդրով: Կարծում եմ՝ վերջին 25 մետր տարածությունում նրա ուսերի վնասվածքը «գլուխ է բարձրացրել»: Սա բացատրում եմ նրանով, որ Միքայելի մեկնարկը շատ լավ էր: Վստահ մեկնարկեց եւ առաջին 75 մետրը շատ լավ անցավ: Երբ իր արագությունն ընկավ վերջին 25 մետրում, ես հասկացա, որ ամբողջ խնդիրը նրա նախորդ օրվա ասած՝ ուսերի ծանրությունն է, ինչն էլ նրան խանգարել է:

Իսկ եթե դուք նրա կողքին լինեիք՝ ավելի լավ արդյունք ցույց կտա՞ր:

Ես այնտեղ չեմ եւ չեմ կարող ասել՝ երկու լողորդներն էլ մարզումները լիարժեք են կատարել , թե ոչ: Եթե ես այնտեղ լինեին, պարզ է, որ Միքայելն ավելի լավ արդյունք ցույց կտար: Նույնը եւ Անահիտ Բարսեղյանը:

Սա Միքայելի երկրորդ Օլիմպիական խաղերն էր: Համեմատեք երկու Խաղերում Միքայել Քոլոյանի ելույթները։

Արդյունքով թույլ է: Ես դա պայմանավորում եմ լողորդների մարզական կոստյումների բացակայությունից: Այս Խաղերում լողորդներին արգելված է լողալ կոստյումներով: Պեկինում նա հանդես եկավ մարզական հագուստով՝ կոստյումով եւ ցուցադրեց 51.84 վայրկյան արդյունք: Իսկ այսօր նա գրանցեց 53.82 վայրկյան արդյունք: Ինչ վերաբերում է տեղին, տեղով բարձր է: Պեկինում՝ 51-րդ, Լոնդոնում՝ 45-րդ:

Քանի՞ տարի հետո կկարողանանք մեդալի հույս ունենալ հայկական լողում:

Մինչեւ նորմալ մարզադպրոցներ չլինեն, երեխաների քանակը չշատանա լողում եւ մինչեւ նորմալ ֆինանսավորում չլինի այս մարզաձեւում, որպեսզի երեխաներին շատ մրցումների տանենք եւ շատ հավաքների մասնակցենք, մինչեւ բոլոր այս խնդիրները չլուծվեն, ոչ մի լավ արդյունքի պետք չէ սպասել: Ճիշտ է՝ ժամանակի ընթացքում մեր երեխաները լավացնում են արդյունքները: Բայց աշխարհն առաջ է գնում, իսկ մենք հետ ենք մնում:

 Զրուցեց Լուսինե Շահբազյանը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով