19:30  ,  31 հուլիսի, 2012

Առաքել Միրզոյան. Կփորձեմ մեր ժողովրդին եւ ընտանիքիս ուրախացնել այսօր

«Փառք Աստծո, տրամադրությունս «հզոր» է, ամեն ինչ նորմալ է, հոգեվիճակս՝ նույնպես»։ Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց հուլիսի 31-ին օլիմպիական մրցահարթակ դուրս եկող ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն ու աշխարհի փոխչեմպիոն Առաքել Միրզոյանը:

69կգ քաշայինների պայքարը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:00-ին։

Հիշեցնենք, որ Առաքել Միրզոյանը 2009 թվականի աշխարհի առաջնությունում արծաթե մեդալ նվաճեց, որից հետո նրա մարզական կարիերայում եղավ երկարատեւ դադար առողջական խնդիրների պատճառով: Մարզաշխարհ վերադարձավ 2011թվականին՝ մասնակցություն ցուցաբերելով  աշխարհի առաջնությունում: Այս մրցաշարում Առաքել Միրզոյանը հանդես էր գալիս 77կգ քաշային կարգում: Սակայն լավ արդյունք չցուցաբերեց: Աշխարհի առաջնությունից հետ ծանրորդը վերադարձավ 69 կգ քաշային կարգ:

Նախքան օլիմպիական մեկնարկը NEWS.sm Sport-ի թղթակիցը զրուցել է Առաքել Միրզոյանի հետ։

Առաքել մի քանի ժամ է մնացել մեկնարկիդ: Ի՞նչ տրամադրություն ունես:

Փառք Աստծո, տրամադրությունս «հզոր» է, ամեն ինչ նորմալ է, հոգեվիճակս՝ նույնպես:

Այս մի քանի ժամը լարվածություն չի առաջացնո՞ւմ: Ի՞նչն է զբաղեցնում միտքդ այս ժամերին:

Չեմ լարվում: Միտքս իսկապես զբաղված է:  Միտքս զբաղված է միայն նրանով, որ մեր ժողովրդին եւ ընտանիքիս այսօր կարողանամ ուրախացնել:

Առաքել, Հայաստանը մեդալ դեռ չի նվաճել: Այսօր բոլորը սպասում են քո ելույթին եւ մեծ հույսեր կապում քեզ հետ՝ ակնկալելով մեդալ: Սա պարտավորեցնո՞ւմ է:

Իհարկե, այն էլ ինչքան է պարտավորեցնում: Այս պահին եւ այսօր ծանրաձողին մոտենալու պահին միտքս միայն զբաղված կլինի նրանով, որ հաղթանակ պարգեւեմ իմ ազգին: Իսկ հաղթանակը, որը կպարգեւեմ իմ ազգին եւ իմ ընտանիքին, ինձ կպարգեւի գերագույն հաճույք: Մնում է միայն, որ Աստված իմ կողմից լինի:

Զրուցեց Լուսինե Շահբազյանը

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով