17:41  ,  22 հունվարի, 2018

Ֆերգյուսոնը դեռ 2011–ին փորձել է ձեռք բերել Ալեքսիս Սանչեսին

«Մանչեսթեր Յունայթեդը» դեռ 2011 թվականին ցանկացել է իտալական «Ուդինեզեից» ձեռք բերել չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսին, սակայն նա նախընտրել է կարիերան շարունակել «Բարսելոնայում», որի գլխավոր մարզիչն այն ժամանակ Խոսեպ ԳՎարդիոլան։ Այդ մասին պատմել է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը, փոխանցում էmanchestereveningnews–ը։

Խոսեպ Գվարդիոլան այժմ «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչն է եւ մինչեւ հունվարյան տրանսֆերային պատուհանի բացվելը ցանկանում էր ձեռք բերել Ալեքսիս Սանչեսին Լոնդոնի «Արսենալից»։ Սակայն երբ հայտնի դարձավ, որ Սանչեսը դիտարկում է նաեւ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելու տարբերակը, դադարեցրեց բանակցությունները չիլիացի ֆուտբոլիստի հետ։

«Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը ենթադրել էր, որ Գվարդիոլան չի ցանկացել գործ ունենալ մի ֆուտբոլիստի հետ, որի համար իր ղեկավարած թիմին միանալը այլընտրանք ունի։  

2011 թվականին «Բարսելոնան» Սանչեսի համար վճարել էր 26 միլիոն եվրո։

2014թ. հուլիսին Սանչեսը 31,7 միլիոն ֆունտ ստերլինգով տեղափոխվեց «Արսենալ», որն անցած մրցաշրջանից փորձում էր երկարաձգել 29–ամյա խաղացողի պայմանագիրը, սակայն չհասավ հաջողության։

Այժմ Սանչեսը սպասում է Մեծ Բրիտանիայում աշխատանքի իրավունքի երկարաձգմանը եւ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պայմանագիր կնքելուն։ Նրա տրանսֆերի գործարքում ներառված է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդից» «Արսենալ»։ Հայ ֆուտբոլիստը հունվարի 21–ին Լոնդոնում նշել է ծննդյան 29–րդ տարեդարձը եւ սպասում է գարծարքի ավարտին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում