14:42  ,  12 հունվարի, 2018

«Արարատ Մոսկվան» հաջորդ մրցաշրջանում հանդես կգա Հայաստանի Բարձրագույն խմբում

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հունվարի 12-ին կայացած ասուլիսում պատմել է նաեւ, որ «Արարատ Մոսկվա» ակումբը հաջորդ մրցաշրջանում հանդես է գալու Հայաստանի Բարձրագույն խմբում: Հայաստանի Առաջին լիգայում հանդես եկող «Ավան Ակադեմիան» կանվանափոխվի «Արարատ Մոսկվա», որի նախագահն է «Տաշիր Գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը:

«Իհարկե, ես զրուցել եմ Սամվել Կարապետյանի հետ, բայց ինչ խոսել ենք, պետք է հրապարակե՞նք: Կարծում եմ՝ բոլորդ էլ տարիներով տեսել եք Սամվել Կարապետյանի գործունեությունը, հայրենասիրությունը, նվիրվածությունը: Նա պատահական չէ ֆուտբոլում եւ միշտ էլ եղել է հավաքականի կողքին, միշտ աջակցել է մեզ: Այնպես որ, նրա՝ ֆուտբոլում ներգրավվելը պատահական չէ: Առաջին լիգայում հանդես եկող բոլոր ակումբները, որոնք Բարձրագույն խմբի ներկայացուցիչների դուստր թիմերը չեն, կկարողանան հաջորդ մրցաշրջանում մասնակցել Բարձրագույն խմբին:

Ինչ վերաբերում է Հայաստանի առաջնությանը, ապա խաղերն անպայման ցուցադրվելու են հայկական հեռուստաեթերում»,- ասել է ՀՖՖ նախագահը:

Հիշեցնենք, որ Հայաստանի Բարձրագույն խմբին այժմ մասնակցում են 6 թիմեր:

Սամվել Կարապետյանը նաեւ 2017-ին հիմնադրված Մոսկվայի «Արարատ» ակումբի նախագահն է: Թիմը հանդես է գալիս Ռուսաստանի Երկրորդ դիվիզիոնի առաջնության «Կենտրոն» գոտու մրցաշարում, որի 17-րդ տուրից հետո վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ 13 միավոր գերազանցելով երկրորդ տեղում գտնվող «Ռյազանին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում