16:33  ,  12 հունվարի, 2018

Սամվել Գեւորգյան. Ինչ-որ մեկը ցանկանում է ցեխ շպրտել մեր ֆեդերացիայի վրա, բայց չի ստացվի

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան ֆինանսական խնդիրներ չունի, մարզիկները ճիշտ ժամանակին ստանում են իրենց աշխատավարձը, եւ չի եղել դեպք, որ մրցաշարի մեկնեն իրենց միջոցներով: Ինչ-որ մեկը ցանկանում է ցեխ շպրտել մեր ֆեդերացիայի վրա, բայց չի ստացվի, քանի որ մենք շարունակելու ենք նույն ոգով աշխատել եւ Եվրոպայի ու աշխարհի նոր չեմպիոններով վերադառնալ հայրենիք:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Սամվել Գեւորգյանը` մեկնաբանելով լուրերը, թե Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան ֆինանսական խնդիրներ ունի, մարզիկներն աշխատավարձեր չեն ստանում, սեփական միջոցներով են մեկնում միջազգային մրցաշարերի:  

Պարոն Գեւորգյան, իրականում ի՞նչ խնդիրներ ունի Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան եւ որքանո՞վ են շրջանառվող լուրերը համապատասխանում իրականությանը:

Վերջերս մամուլում տարածված տեղեկություններն այն մասին,թե ֆեդերացիան կանգնած է ֆինանսական ճգնաժամի առջեւ, չի համապատասխանում իրականությանը: Իրականությունն այն է, որ մենք որեւէ խնդիր չունենք, ոչ ներքին տարաձայնություններ, ոչ էլ՝ ֆինանսական խնդիրներ: Չգիտեմ, թե ով եւ ինչ նպատակներով է փորձում այս շրջանում ցեխ շպրտել մեր ֆեդերացիայի եւ Հայաստանում կայացած մարզաձեւերից մեկի վրա, բայց վստահեցնում եմ` ժամանակի ընթացքում բոլորն էլ կտեսնեն, որ ինչպես նախորդ տարիներին, նախորդ մրցաշրջաններում, այս տարի եւս մենք կանոնավոր շարունակելու ենք մեր աշխատանքները, հավաքները եւ նոր հաղթանակներ գրանցելու:

Չգիտեմ, թե որտեղից են վերցրել, որ մարզիկներն աշխատավարձեր չեն ստանում: Որքան ես եղել եմ հայկական ըմբշամարտում, աշխատել եմ հավաքականում, երբեւէ նման դեպքի ականատես չեմ եղել, որ որեւէ մարզիկ կամ մարզիչ իրեն հասանելիք աշխատավարձը չստանա:

Պատասխանատվություն եմ կրում ամբողջ ֆեդերացիայի անունից հերքել այդ ինֆորմացիան, քանի որ այն չի համապատասխանում իրականությանը: Բոլոր մարզիկներն էլ, մարզիչներն էլ ժամանակին ստացել եւ ստանում են իրենց աշխատավարձերը: Վստահ չեմ կարող ասել, թե ինչն է հիմք հանդիսացել, բայց կարող է լինել այնպես, որ որեւէ մարզիկի, ով վատ է հանդես եկել ինչ-որ մրցաշարի, որոշվի այդ ամիս կտրել աշխատավարձից, տվյալ մարզիկն էլ տեղեկություններ տարածի, որ մարզիկները աշխատավարձեր չեն ստանում: Իհարկե, մեր հավաքականներում նման դեպք դեռեւս չի գրանցվել եւ հույս ունենք, որ չի գրանցվի: Բայց հիմնականում նման սխալ ինֆորմացիաները ծնվում են այսպիսի դեպքերից:

Ըմբշամարտի ֆեդերացիան բոլորիս ընտանինքն է: Եվ մենք թույլ չենք տա, որ որեւէ մեկը մեր ընտանիքը վատաբանի: Մենք ֆինանսական խնդիր չունենք, մեր պետբյուջեն ավելացել է, իր կողմից մեզ մեծ աջակցություն է տալիս ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: Մինչ օրս չի եղել մի դեպք, որ ինչ-որ խնդրով դիմենք եւ նա մեզ չաջակցի:

Ամեն տարի հունահռոմեականներն ու ազատ ոճայինները տարեվերջյան ուսումնամարզական հավաք էին անցկացնում Ծաղկաձորում: Ինչո՞ւ այս անգամ հավաքը չկայացավ, պատճառը ֆինա՞նսն էր:

Դեկտեմբերի հավաքի չկայանալու պատճառը ֆինանսը չէր: 2018 թվականի Եվրոպայի առաջնությունը հետաձգվել է, իսկ այդ հավաքը մեզ համար այս շրջանում խիստ անհրաժեշտ չէր, որպեսզի լրացուցիչ ծախսեր չանեինք, հրաժարվեցինք, չնայած՝ մեզ առաջարկվեց ցանկության դեպքում մեկնել Ծաղկաձոր հավաքի: Հավաքը չարեցինք եւս մեկ շատ կարեւոր պատճառով: Քանի որ տարեվերջյան հավաքներն ուղղված են ֆիզպատրաստության վրա եւ Ծաղկաձորում մենք հիմնականում դահուկավազքով ենք զբաղվում, այս տարի որոշեցինք հետաձգել այդ հավաքը, որովհետեւ այնտեղ ձյուն չկար:

Իսկ ինչո՞վ են զբաղված ըմբիշներն այս շրջանում:

Այս շրջանում հունահռեմոականները  պատրաստվում են Հայաստանի առաջնությանը, որ կայանալու է հունվարի 27-ին եւ 28-ին Երեւանի նախկին «Միկա» մարզադահլիճում: Դրանից հետո հավաքներ, միջազգային մրցաշարեր, դրանցից հետո արդեն կնախապատրաստվենք Եվրոպայի առաջնությանը:  

Մենք հավաք կունենանք թե Ծաղկաձորում, թե այլ վայրերում: Ամեն ինչ լինելու այնպես, ինչպես մինչ օրս եղել է: Հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանի հետ կքննարկենք, կհասկանանք Հայաստանի առաջնությունից հետո ինչպես ենք կազմակերպում մեր այս տարվա գրաֆիկը:

Սովորաբար նման զրույցներն ու տեղեկությունները ծնվում են ներսից: Գուցե ֆեդերացիայում որեւէ մեկը դժգոհությո՞ւն ունի, որոնք էլ հիմք են հանդիսացել տեղեկություններ տարածելուն:

Ներքին անհամաձայնություններ միշտ լինում են բոլոր ֆեդերացիաներում, առհասարակ բոլոր ոլորտներում: Անհամաձայնությունները ծնվում են նրանից, որ չկա մի մարզիչ, ում մարզիկը պարտվի եւ նա չբողոքի մրցավարությունից, կամ ընդունի իր սանի պարտությունը արդար ձեւով. բոլորն էլ իրենց սաներին համարում են ամենալավը, ամենաուժեղը: Գուցե նման մարզիչներից կամ տարաձայնություններից ծնվի այսպիսի սխալ տեղեկություններ: Սրանք զուտ ենթադրություններ են իմ կողմից, բայց ես չեմ կարծում, որ մեր ֆեդերացիայում կա ինչ-որ մեկն, ով դժգոհ է ֆեդերացիայի աշխատանքից, ղեկավարությունից, իր աշխատավարձից: Չեմ ուզում որեւէ մեկին մեղադրել, քանի որ բոլորս էլ զարմացած ենք, թե որտեղից են նման տեղեկություններ վերցրել:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով