03:03  +04,  28 դեկտեմբերի, 2017

Սպորտի փոխնախարարի պատասխանը Արթուր Ալեքսանյանին. Աշխարհը չի սկսվում եւ ավարտվում ըմբշամարտով

Ես ի գիտություն եմ ընդունում մեր պանծալի օլիմպիական չեմպիոնի կարծիքը, բայց նաեւ հորդորում եմ իրեն, որպես տարիքով մի փոքր ավելի փորձառու, որ աշխարհն ավելի շատ բազմագույն է, քան այն դիտակետը, որով ինքը դիտարկում է երեւույթները. աշխարհը չի սկսվում եւ ավարտվում ըմբշամարտով:

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում այսպես արձագանքեց Հայաստանի սպորտի փոխնախարար Արսեն Քարամյանը օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի դժգոհությանը լավագույն մարզիկների տասնյակի քվեարկության կարգի եւ արդյունքի վերաբերյալ:

«Այս տասնյակի որոշումը կայացրել են հավատարմագրված 23 լրագրողները եւ մեր հանրությունը: Ես չեմ կարող մեր քվեարկողների փոխարեն բացատրել, թե ինչու են տասնյակում տեսել այս թեկնածուներին: Այն թվերը, որոնք մենք ներկայացրեցինք, իրականության արտացոլումն է: Դրանք ճշգրիտ են եւ այլ տարբերակ չկա: Որեւէ մեկի մոտ հարց առաջանալու դեպքում տվյալները բաց են, ինձ մոտ են, առկա են, կարող են գալ եւ ուսումնասիրել, խնդիր չկա: Կարծում եմ, որ սա լավագույն ընթացակարգով առ այսօր անցկացված Հայաստանի սպորտային ոլորտն ամփոփոխ միջոցառումն է եւ իր թափանցիկությամբ եւ համաընդգրկվածությամբ:

Իմ տարակուսանքն եմ հայտնում, որ ինչու ըմբշամարտի ֆեդերացիան իր պատասխանատուներով հանդերձ ժամանակին չի արձագանքել: Ամբողջ տարվա ընթացքում ինչպես բոլոր ֆեդերացիաները, այնպես էլ ըմբշամարտինը ստացել են գրագրություն, նամակներ ընթացակարգի վերաբերյալ: Տարակուսելի եւ անհասկանալի է, թե ինչու միայն արդյունքների հրապարակումից հետո է խնդիրներ եւ դժգոհություններ առաջանում:

Արթուր Ալեքսանյանը եւ մեր բոլոր մարզիկները մեր հպարտությունն են, բայց ես կուզենամ, որ մեր հպարտությունները նաեւ բարձր լինեն: Այն, ինչ ասում է Արթուր Ալեքսանյանը, ընդունում եմ ի գիտություն, բայց աշխարհը չի սկսվում եւ ավարտվում ըմբշամարտով: Արթուրի հետ պարգեւատրման արարողությունից հետո 2 ժամ խոսեցինք: Կարծում եմ, եթե հիմա խոսելու լիներ, լրիվ ուրիշ արձագանք կտար:

Ես ակնկալում էի նման արձագանք: Այս ամենում իմ գերագույն հաճույքն այն է, որ մենք սառույցը ջարդել ենք... Երկրի նախագահն էլ իր խոսքում պատահական չնշեց, որ սպորտը չի սիրում բաժանարար գծեր՝ իմ մարզաձեւը, քո մարզաձեւը, իմ մարզիկը, քո մարզիկը...  Խոնարհվում եմ մեր բոլոր հերոս տղաների առջեւ, այդ թվում Արթուր Ալեքսանյանի եւ մյուսների, ովքեր Հայաստանի անունը բարձր են պահել աշխարհի տարբեր անկյուններում, բայց նաեւ կոչ եմ անում, որ ամեն մարդ զբաղվի իր գործով»,- ասաց Արսեն Քարամյանը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 27-ին մարզահամերգային համալիրում կայացած Հայաստանի լավագույն մարզիկների տասնյակի պարգեւատրման արարողությունից հետո հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի եւ Եվրոպայի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում իր դժգոհությունն էր հայտնել տասնյակի եւ քվեարկության կարգի վերաբերյալ:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով


  • Լրահոս