13:50  ,  30 հուլիսի, 2012

Օլիմպիական Արթուր Ալեքսանյան. Լեւոն Ջուլֆալակյանը ե՛ւ ընկեր է, ե՛ւ մարզիչ, ե՛ւ հայր

Սիրած աղջիկ չունեմ. ինձ ոգեշնչողներն առայժմ միայն հարազատներս են, Օլիմպիական խաղերում էլ ինձ կոգեշնչեն նրանք, նրանց հետ մեր թիմը, մարզիչները  եւ ամբողջ Գյումրին: NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց 96 կգ քաշային հունահռոմեական ըմբիշ, Եվրոպայի չեմպիոն, գյումրեցի Արթուր Ալեքսանյանը:

Այս օրերին Արթուր Ալեքսանյանը հավաքականի հետ վերջին մարզումներ է անցկացնում Լոնդոն մեկնելուց առաջ:

Արթուր Ալեքսանյանը օլիմպիական գորգ դուրս կգա օգոստոսի 7-ին։

Արթուր, մի քանի օր է մնացել ելույթիդ. Ի՞նչ տրամադրությամբ ես մեկնում Լոնդոն:

Տրամադրությունս շատ լավ է: Մարզավիճակս եւս:  Գնում եմ  հաղթելու: Այլ տրամադրություն չեմ էլ կարող ունենալ: Իրավունք չունեմ…

Անհանգստանո՞ւմ ես Խաղերից առաջ:

Անհանգստություն կա, բայց այն ինձ չի խանգարում: Կարելի է ասել` չեմ անհանգստանում: Չեմ կենտրոնանում, որ Օլիմպիական խաղեր են: Ինքս ինձ տրամադրում եմ, որ սովորական մրցումներ են: Բայց չկա մի մրցում, որից առաջ մարզիկը չմտածի եւ թեկուզ փոքրիկ անհանգստություն հոգու խորքում չունենա: Դա բնական երեւույթ է: Այդպես էլ պետք է լինի: Ուղղակի այդ անհանգստությունը միայն դու պետք է զգաս եւ ուրիշ ոչ ոք:

Ի՞նչ է քեզ համար մասնակցությունը Օլիմպիական խաղերին:

Կարիերայիս գագաթնակետն է: Յուրաքանչյուր մարզիկ իր կարիերայի ընթացքում մտածում է Օլիմպիական խաղերին մասնակցելու մասին:  Ես ընդգրկվելու մասին այդքան էլ չեմ երազել, բայց բարձր արդյունքի մասին ամեն րոպե եմ երազում: Եթե մարզիկ ես, ուրեմն քո կյանքի նպատակը Խաղերում ոսկե մեդալ նվաճելը պետք է լինի:

Ի՞նչ հարաբերությունների մեջ ես հավաքականի մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանի հետ:

Ջերմ, ընկերական: Գորգից դուրս նա մեզ համար եւ ընկեր է, եւ մարզիչ, եւ հայր։ Նա մեզ շատ է օգնում իր խորհուրդներով եւ փորձում է հնարավորինս փոխանցել մեզ իր փորձը:


Ի՞նչ կամ ո՞վ է զբաղեցնում քո միտքը գոտեմարտի ընթացքում:

Գոտեմարտի ընթացքում չես կարող ուրիշ բանի կամ որեւէ մեկի մասին մտածել: Մտածում ես միայն հաղթելու, ճիշտ մարտավարության, ճիշտ քայլեր անելու մասին:

Ո՞վ է քեզ ոգեշնչում գորգի վրա` գոտեմարտելիս:

Իմ հարազատները, ինձ շրջապատող մարդիկ:

Իսկ սիրած աղջի՞կ…

Սիրած աղջիկ դեռեւս չունեմ: Այժմ միայն ես եմ եւ իմ ընտրած մարզաձեւը: Եթե նույնիսկ ունենամ էլ սիրած աղջիկ, նրա մասին չեմ մտածի կամ հիշի գորգի վրա: Գորգի վրա իմ ուղեղն աշխատում է միայն հաղթական ավարտի ուղղությամբ:

Զրուցեց Լուսինե Շահբազյանը

Լուսանկարը՝ Սոնա Բարսեղյանի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով