13:40  ,  18 դեկտեմբերի, 2017

«Ինտերը» կընտրի Հենրիխ Մխիթարյանի եւ Ռամիրեսի միջեւ

Իտալական «Ինտերը» շարունակում է հետաքրքրվել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով:

Corriere dello Sport-ի համաձայն՝ միլանյան ակումբը դիտարկում է կիսապաշտպանությունն ուժեղացնելու 2 տարբերակ՝ Հենրիխ Մխիթարյան կամ Ռամիրես: Լոնդոնի «Չելսիի» եւ Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը 2016-ից հանդես է գալիս չինական «Ցյանսու Սունին» ակումբում: Աղբյուրը նշում է, որ «Ինտերի» համար առաջնային տարբերակ է Հենրիխ Մխիթարյանը:

Իտալիայի առաջնության նախորդ տուրում «Ուդինեզեից» կրած տնային պարտությունից հետո «Ինտերի» գլխավոր մարզիչ Լուչիանո Սպալետին վերջնականապես որոշել է ուժեղացնել կիսապաշտպանությունը:

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը հայտավորվել է «Մանչեսթեր Յունայթեդի» վերջին 9 խաղերից միայն մեկին՝ դուրս գալով փոխարինման: Ավելի վաղ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հայտարարել էր, որ ձմռանն անգլիական ակումբը կփորձի վաճառել 28-ամյա կիսապաշտպանին: Հայ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաեւ թուրքական «Բեշիկթաշն» ու նրա նախորդ ակումբ Դորտմունդի «Բորուսիան»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում