13:10  ,  14 դեկտեմբերի, 2017

«Միլանի» ֆանատները սուլել են Դոնարումային. «Հեռացիր, մեր համբերությունը սպառվեց» (ֆոտո)

«Միլանի» երկրպագուները «Վերոնայի» դեմ Իտալիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչի հանդիպման (3:0) նախավարժանքի ժամանակ սուլել են իտալացի դարպասապահ Ջանլուիջի Դոնարումային:

Միլանի «Սան Սիրոյում» կայացած խաղից առաջ ֆանատները նաեւ աղմկել են, երբ ստադիոնի հաղորդավարը հայտնել է 18-ամյա դարպասապահի ազգանունը:

Երկրպագուները նաեւ ցուցադրել են պաստառ, որի վրա եղել է հետեւյալ գրառումը. «Բարոյական բռնությո՞ւն, տարեկան 6 միլիոն եվրո՞ եւ պայմանագիր ձրիակեր-եղբոր հե՞տ: Հեռացիր հիմա, մեր համբերությունը սպառվեց»:

Համացանցում նաեւ հայտնվել է տեսանյութ, որում «Միլանի» ավագ Լեոնարդո Բոնուչին «Վերոնայի» դեմ խաղի ընդմիջմանը փորձում է հանգստացնել Ջանլուիջի Դոնարումային, որը չէր կարողացել զսպել արցունքները:

Հիշեցնենք, որ Իտալիայի հավաքականի դարպասապահն այս ամռանը հրաժարվել էր երկարաձգել «Միլանի» հետ պայմանագիրը՝ սրելով ակումբի ղեկավարության եւ երկրպագուների հետ հարաբերությունները: Դրանից հետո նա պայմանագիրը երկարաձգեց մինչեւ 2021 թվականը: Գործարքից առաջ Ջանլուիջի Դոնարուման պայման էր դրել, որ «Միլանը» պետք է պայմանագիր կնքի նաեւ իր եղբայր Ջիջիո Անտոնիոյի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս