23:48  ,  11 հուլիսի, 2017

Պաշտոնական. Դոնարուման երկարաձգեց «Միլանի» հետ պայմանագիրը

«Միլանի» դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման երկարաձգել է իտալական ակումբի հետ գործող պայմանագիրը, հայտնում է «Միլանի» կայքը:

Իտալիայի հավաքականի 18-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2021 թվականի ամառը:

Իտալական մամուլի համաձայն՝ նոր պայմանագրով Դոնարուման կստանա տարեկան 6 միլիոն եվրո աշխատավարձ, իսկ նրա կլաուզուլան կկազմի 70-100 միլիոն եվրո: Եթե «Միլանը» չնվաճի Չեմպիոնների լիգայի ուղեգիր, կլաուզուլան կդառնա 50 միլիոն եվրո:

Հիշեցնենք, որ վերջերս Ջանլուիջի Դոնարուման հրաժարվել էր երկարաձգել «Միլանի» հետ պայմանագիրը՝ սրելով ակումբի ղեկավարության եւ երկրպագուների հետ հարաբերությունները: Նրա նախորդ պայմանագիրը նախատեսված էր մինչեւ 2018-ի ամառը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում