11:31  ,  13 դեկտեմբերի, 2017

Գվարդիոլա. Ներողություն եմ խնդրում, եթե վիրավորել ենք «Մանչեսթեր Յունայթեդին», այլ ոչ միայն Մոուրինյոյին

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ Անգլիայի առաջնության 16-րդ տուրի խաղից հետո տեղի ունեցած բախումը, որը, ըստ բրիտանական մամուլի, հրահրել էր Ժոզե Մոուրինյոն:

«Ներողություն եմ խնդրում, եթե մենք վիրավորել ենք «Մանչեսթեր Յունայթեդին», այլ ոչ միայն Մոուրինյոյին: Սակայն մենք ունենք այդպիսի պահը վայելելու իրավունք: Եթե մարդիկ չեն կարողանում հասկանալ դա, ներողություն եմ խնդրում: Մենք հաղթել ենք դերբիում»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է BBC-ն:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստները շատ բուռն էին տոնել 2:1 հաշվով արտագնա հաղթանակը «Օլդ Տրաֆորդ» ստադիոնի հանդերձարանում, ինչը դուր չէր եկել «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին: Պորտուգալացի մասնագետը գնացել էր մրցակցի հանդերձարան եւ հայտնել դժգոհությունը, ինչից հետո «Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Էդերսոնը պորտուգալերեն սկսել էր վիճել մարզիչի հետ: Զայրացած Մոուրինյոն ջրի շշով հարվածել էր դարպասապահի գլխին, ինչից հետո սկսվել էր զանգվածային բախում: Խոսեպ Գվարդիոլայի օգնական Միկել Արտետան ստացել էր հոնքի պատռվածք, իսկ հաջորդ օրը խուսափել էր լուսանկարիչներից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում