11:21  ,  11 դեկտեմբերի, 2017

Մանչեսթերյան դերբիից հետո Մոուրինյոն ծեծկռտուք է հրահրել հանդերձարանում

Մանչեսթերյան դերբիից հետո կոնֆլիկտ է տեղի ունեցել հանդերձարանում: «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստները շատ բուռն են տոնել 2:1 հաշվով արտագնա հաղթանակը, ինչը դուր չի եկել «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին: Պորտուգալացի մասնագետը գնացել է մրցակցի հանդերձարան եւ հայտնել դժգոհությունը, ինչից հետո «Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Էդերսոնը պորտուգալերեն սկսել է վիճել մարզիչի հետ: Զայրացած Մոուրինյոն ջրի շշով հարվածել է դարպասապահի գլխին, ինչից հետո սկսվել է զանգվածային բախում: Կրքերը հանդարտեցրել են ստադիոնի անվտանգության աշխատակիցները, գրում է Daily Mail-ը:

Նշվում է, որ բախմանն ակտիվ մասնակցություն է ունեցել «Մանչեսթեր Յունայթեդի» բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն, իսկ «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի օգնական Միկել Արտետան ստացել է հոնքի պատռվածք:

Հիշեցնենք, որ մինչեւ մանչեսթերյան դերբին «Մանչեսթեր Յունայթեդը» բոլոր մրցաշարերում չէր պարտվել նախորդ 40 տնային խաղերում՝ կրկնելով ակումբային ռեկորդը: Հենրիխ Մխիթարյանը դարձյալ չէր հայտավորվել «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում: Հայաստանի հավաքականի 28-ամյա կիսապաշտպան հայտավորվել է «Մանչեսթեր Յունայթեդի» վերջին 7 խաղերից միայն մեկին՝ դուրս գալով փոխարինման: 

Խոսեպ Գվարդիոլան բոլոր մրցաշարերում 9-րդ անգամ հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին: Նման ցուցանիշ ունի միայն կատալոնացի մասնագետը: «Մանչեսթեր Սիթին» շարունակում է անպարտելի մնալ Անգլիայի ընթացիկ առաջնությունում եւ արդեն 11 միավոր է գերազանցում երկրորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Յունայթեդին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում