11:21 11 դեկտեմբերի, 2017Մանչեսթերյան դերբիից հետո կոնֆլիկտ է տեղի ունեցել հանդերձարանում: «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստները շատ բուռն են տոնել 2:1 հաշվով արտագնա հաղթանակը, ինչը դուր չի եկել «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին: Պորտուգալացի մասնագետը գնացել է մրցակցի հանդերձարան եւ հայտնել դժգոհությունը, ինչից հետո «Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Էդերսոնը պորտուգալերեն սկսել է վիճել մարզիչի հետ: Զայրացած Մոուրինյոն ջրի շշով հարվածել է դարպասապահի գլխին, ինչից հետո սկսվել է զանգվածային բախում: Կրքերը հանդարտեցրել են ստադիոնի անվտանգության աշխատակիցները, գրում է Daily Mail-ը:
Նշվում է, որ բախմանն ակտիվ մասնակցություն է ունեցել «Մանչեսթեր Յունայթեդի» բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն, իսկ «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի օգնական Միկել Արտետան ստացել է հոնքի պատռվածք:
Հիշեցնենք, որ մինչեւ մանչեսթերյան դերբին «Մանչեսթեր Յունայթեդը» բոլոր մրցաշարերում չէր պարտվել նախորդ 40 տնային խաղերում՝ կրկնելով ակումբային ռեկորդը: Հենրիխ Մխիթարյանը դարձյալ չէր հայտավորվել «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում: Հայաստանի հավաքականի 28-ամյա կիսապաշտպան հայտավորվել է «Մանչեսթեր Յունայթեդի» վերջին 7 խաղերից միայն մեկին՝ դուրս գալով փոխարինման:
Խոսեպ Գվարդիոլան բոլոր մրցաշարերում 9-րդ անգամ հաղթեց «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին: Նման ցուցանիշ ունի միայն կատալոնացի մասնագետը: «Մանչեսթեր Սիթին» շարունակում է անպարտելի մնալ Անգլիայի ընթացիկ առաջնությունում եւ արդեն 11 միավոր է գերազանցում երկրորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Յունայթեդին»:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.