17:08  ,  21 նոյեմբերի, 2017

Հայաստանի հավաքականի առաջատար բասկետբոլիստը հեռացվել է թիմից

Գլխավոր մարզիչի եւ մարզչական շտաբի նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքի պատճառով Ռայան Բոթրայթը հեռացվել է բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականից: Նա կվերադառնա իր ակումբ եւ այլեւս հանդես չի գա Հայաստանի հավաքականի կազմում: Եվրոպայի առաջնության նախընտրական փուլի առաջիկա 2 խաղերում նրան խաղարկողի դիրքում կփոխարինի թիմի ավագ Ամիրան Ամիրխանովը:

Այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց բասկետբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ, խորվաթ մասնագետ Նիկշա Բավցեւիչը:

Բասկետբոլի Հայաստանի հավաքականն այս օրերին Երեւանի «Օլիմպավանում» նախապատրաստվում էր Եվրոպայի առաջնության ընտրական նախնական փուլի Ալբանիայի եւ Դանիա հանդիպումներին։ Հայաստանի հավաքականի կազմը վերջնական հստակեցման փուլում է:

Թե ինչու է Հայաստանի հավաքականի առաջատար խաղացողը հեռացվել թիմից, գլխավոր մարզիչը չցանկացավ մանրամասնել, բայց շեշտեց, որ Բոթրայթը թիմ չի վերադառնա:

«Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան վերջին 2 տարիների արածը փոքր հրաշք է: Երկար ժամանակ Հայաստանում չկար բասկետբոլ եւ բասկետբոլի ազգային հավաքական: Առանց լուրջ ներդրումների բասկետբոլի ֆեդերացիան կարողացավ հավաքական ներգրավել խաղացողների ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Թուրքիայից: Տարբեր պատճառներով դեռ շատ լավ խաղացողներ չենք կարողանում ներգրավել թիմ: Մենք ցույց տվեցինք, որ կարող ենք ունենալու շատ լուրջ հավաքական: Դրա վառ ապացույցը Շվեդիայի եւ Սլովակիայի դեմ տարած մեր հաղթանակներն էին ու լեփ-լեցուն մարզադահլիճը: Շատ կարեւոր է, որ այստեղ լինեն խաղացողներ, ովքեր ցանկանում են իրենց երկրի համար խաղալ:

Ռայան Բոթրայթը մեր միակ խաղացողն էր, ով արմատներով հայ չէր եւ Հայաստանի հետ կապ չուներ: Նա ցույց տվեց իր խաղամակարդակն այս ամռանը: Բայց նա այժմ այլեւս մեր հավաքականից չէ, քանի որ ֆեդերացիայի եւ մարզչական շտաբի ընդհանուր որոշմամբ Բոթրայթը հեռացվել է ազգային հավաքականից: Խաղացողի պահվածքում կան բաներ, որ մենք՝ մարզիչներս, չենք կարող ընդունել: Ավելին չեմ ցանկանում մանրամասնել: Միայն կասեմ, որ բասկետբոլն անհատական մարզաձեւ չէ, թիմային է, եւ մենք պետք է մտածենք ապագայի մասին: Մենք պետք է պաշտպանենք բասկետբոլի ազգային հավաքականի շահերը եւ չենք կարող թույլ տալ, որ որեւէ մեկը հակառակն անի:

Բոթրայթը շատ կարեւոր խաղացող էր, բայց նա ամենակարեւոր խաղացողը չէր, ամենակարեւորը թիմն է: Մենք կփորձենք նրան փոխարեն լավ խաղացող ունենալ»,- ասաց Նիկշա Բավցեւիչը:

Հայաստանի հավաքականի առաջին հանդիպումը Ալբանիայի հավաքականի հետ է նոյեմբերի 23-ին Տիրանայում։ Թիմը Նիկշա Բավցեւիչի գլխավորությամբ մրցավայր կմեկնի նոյեմբերի 22-ին։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում