16:51  ,  10 նոյեմբերի, 2017

Եղիազարյանի գոլը Հայաստանի Մ-21 հավաքականին չօգնեց ռուսների դեմ խաղում

Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական փուլում ֆուտբոլի Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականը Երեւանում 1:2 հաշվով պարտվեց Ռուսաստանի թիմին:

Ավանի ֆուտբոլային ակադեմիայում կայացած խաղի հենց մեկնարկից ռուսներն ունեին նկատելի առավելություն, իսկ հաշիվը բացեցին 25-րդ րոպեին: Անկյունային հարվածի խաղարկման արդյունքում աչքի ընկավ Մոսկվայի «Սպարտակի» պաշտպան Զելիմխան Բակաեւը: Առաջին խաղակեսում խաղը հիմնականում անցնում էր հայկական թիմի կիսադաշտում, իսկ դաշտի տերերը հազվադեպ էին գրոհում:

Երկրորդ խաղակեսի սկզբնամասում հյուրերը խփեցին երկրորդ գոլը: 48-րդ րոպեին հաշիվը 2:0 դարձրեց «Ռոստովի» կիսապաշտպան Ալեքսանդր Զուեւը: Ընդմիջումից հետ Հայաստանի թիմը համեմատաբար ավելի ակտիվ էր եւ հազվադեպ գրոհներից մեկն ավարտեց գոլով: 69-րդ րոպեին գեղեցիկ հարվածով հաշիվը կրճատեց «Բանանցի» 20-ամյա կիսապաշտպան Էմիլ Եղիազարյանը, որի գոլը վերջինն էր այս խաղում: Վերջնամասում Ռուսաստանի թիմը կորցրեց եւս մի քանի իրական գոլային պահեր, թեեւ ավելացված ժամանակում գոլ խփելուն մոտ էին նաեւ տանտրերը:

Այս հաղթանակից հետո 5 խաղ անցկացրած ռուսները 10 միավորով գլխավորեցին 7-րդ խմբի մրցաշարային աղյուսակը: Երկրորդ տեղ նահանջած սերբերը 3 խաղից հետո ունեն 9 միավոր, իսկ Հայաստանի թիմը 7 միավորով երրորդն է, բայց անցկացրել է 6 հանդիպում:  

2019թ. Եվրոպայի Մ-21 առաջնություն, 7-րդ խումբ

Հայաստան - Ռուսաստան՝ 1:2

Էմիլ Եղիազարյան, 69 – Զելիմխան Բակաեւ, 25, Ալեքսանդր Զուեւ, 48

Հայաստան. Հենրի Ավագյան («Բանանց»), Հակոբ Համբարձումյան («Բանանց»), Արթուր Քարտաշյան («Փյունիկ»), Հայկ Սարգսյան («Բանանց»), Նարեկ Պետրոսյան («Բանանց»), Հակոբ Հակոբյան («Բանանց», Ալիկ Առաքելյան, 66), Արամ Քոչարյան («Արարատ»), Վահագն Հայրապետյան («Փյունիկ»), Պետրոս Ավետիսյան («Փյունիկ»), Էրիկ Վարդանյան («Փյունիկ», Գրիգոր Աղեկյան, 51), Էմիլ Եղիազարյան («Բանանց», Ժիրայր Մարգարյան, 78):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում