14:14  ,  10 նոյեմբերի, 2017

Հայաստանի եւ Բելառուսի հավաքականներին կասկածում են պայմանավորված խաղ անցկացնելու մեջ

Ֆուտբոլի Հայաստանի եւ Բելառուսի ազգային հավաքականների միջեւ նոյեմբերի 9-ին Երեւանում կայացած ընկերական հանդիպումը հայտնվել է պայմանավորված խաղերի բացահայտումով զբաղվող Federbet միջազգային ընկերության ուշադրության կենտրոնում:

Federbet-ի համաձայն՝ խաղի ընթացքում նկատվել է խաղադրույքների եւ գործակիցների ոչ սովորական ակտիվություն, ինչը չի եղել հանդիպումից առաջ: Չնայած նրան, որ 41-րդ րոպեին հաշիվը 0:0 էր, խաղում 3 գոլ լինելու գործակիցը բարձրանալու փոխարեն մնացել է 2.00 (նույն գործակիցը նաեւ խաղից առաջ էր):

«Կասկածները հաստատվել են, երբ առաջին խաղակեսի վերջնամասում հայկական թիմը խփել է 2 գոլ, իսկ երկրորդ խաղակեսի սկզբնամասում հաշիվը դարձել է նաեւ 3:0: «Տոտալ-2.5» գոլից ավելի խաղադրույքի վրա նկատվել է մեծ ակտիվություն՝ առանց տրամաբանության»,- նշել է Federbet-ի ներկայացուցիչը, փոխանցում է bookmaker-ratings.com.ua-ն:

Հիշեցնենք, որ Երեւանի «Հանրապետական» ստադիոնում կայացած խաղում Հայաստանի հավաքականը 4:1 հաշվով հաղթել էր Արաս Օզբիլիսի, Հենրիխ Մխիթարյանի, Ռումյան Հովսեփյանի եւ Էրիկ Վարդանյանի գոլերի շնորհիվ: Հանդիպման վրացի գլխավոր մրցավարը նշանակել էր 11 մետրանոց 2 հարված:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով