22:28  +04,  27 հուլիսի, 2012

Արսեն Ջուլֆալակյան. Օլիմպիական գորգը սեր, կիրք, զգացմունքներ, ընտանեկան հարաբերություններ չի սիրում

Օլիմպիական գորգը սեր, կիրք, զգացմունքներ, ընտանեկան հարաբերություններ չի սիրում, Լոնդոն եմ մեկնում երազանքս իրականացնելու նպատակով, NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց 74 կգ քաշային հունահռոմեական ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը։
Հայաստանի հավաքականը Լոնդոն կմեկնի օգոստոսի 2-ի առավոտյան։ Արսեն Ջուլֆալակյանը օլիմպիական գուրգ դուրս կգա օգոստոսի 5-ին։

Արսեն Ջուլֆալակյան հավաքականի հետ վերջին մարզումներն է անցկացնում Լոնդոն մեկնելուց առաջ:

Արսեն, ի՞նչ տրամադրություն ունես:

Տրամադրությունս բարձր է, օլիմպիական եւ մարտական: Օլիմպիական խաղերին շատ երկար սպասեցի՝ 4 տարուց ավելի: Եթե մարզիկը պատրաստ է, ուրեմն չի կարող վատ տրամադրություն ունենալ: Իսկ ես պատրաստ եմ: Նույնիսկ մարզումների ընթացքում ստացած վնասվածքներս ինձ չեն կաշկանդում օլիմպիադա մեկնելուց առաջ: Ներքուստ հանգիստ եմ, որովհետեւ անհաղթահարելի հակառակորդներ այս օլիմպիադայում չունեմ: Բոլոր մրցակիցներիս հետ էլ գոտեմարտել եմ եւ բոլորս գտնվում ենք նույն մակարդակի վրա: Տրամադրությանս բարձր լինելը պայմանավորված է նաեւ այն փաստով, որ անհայտ հակառակորդ օլիմպիադայում չունեմ:

Ի՞նչ ազդեցություն ունի հայրիկիդ՝ հավաքականի մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանի, կողքիդ լինելը:

Կարծում եմ պրոֆեսիոնալ մարզիկի համար շատ քիչ դեր ունի այդ ընտանեկան հարաբերությունները։ Կարեւորն այն է, որ քո կողքին կանգնած է նման պրոֆեսիոնալ մարդ, ինչպիսին Լեւոն Ջուլֆալակյանն է: Չեմ կարծում, որ Հայաստանում կա մեկը, որը գորգի կողքին գտնվելով ավելի լավ հուշումներ անի մարզիկներին, քան ինքը: Ես սա ասում եմ ոչ թե որպես որդի, այլ որպես հավաքականի մարզիկ: Իսկ հայր եւ որդի հարաբերությունները գորգից դուրս այդքան էլ էական չեն:

Իսկ ո՞ր պահին ես Լեւոն Ջուլֆալակյանին տեսնում որպես հայր եւ ոչ թե մարզիչ:

Մրցումների ժամանակ գրեթե նման պահ չի լինում: Զուտ մասնագիտական եւ պրոֆեսիոնալ մոտեցում պետք է ցուցաբերես այդ ընթացքում: Թե միջազգային մրցաշարերը, թե օլիմպիական գորգն այն տեղը չեն, որ զգացմունքներին տրվես կամ թուլանաս: Մասնավորապես օլիմպիական գորգը սեր, կիրք, զգացմունքներ, ընտանեկան հարաբերություններ չի սիրում: Ուղեղդ, անկախ քեզանից, լիովին կենտրոնացած է գորգի վրա, քո մրցակցի եւ մասնագիտությանդ վրա:

Ի՞նչ ես մտածում գոտեմարտի ժամանակ:

Ինչպես միավոր վաստակել եւ ինչպես հաղթել, ինչպես խաբել հակառակորդին, ինչպես մի քայլ ավել եւ արագ անել: Այսինքն՝ միայն մտածում եմ առավելության հասնելու մասին: Ամեն անգամ գորգ մտնելիս ես մտածում եմ ամեն գնով հաղթելու մասին:

Իսկ կա՞ մեկն, ում մասին մտածում ես այդ պահին:

Կա մեկն ում մասին ես թե գորգի վրա, թե գորգից դուրս միշտ մտածում եմ: Բայց մրցումների ժամանակ փորձում եմ չմտածել: Գոտեմարտի ընթացքում ոչ մեկի մասին չես կարող մտածել: Իսկ երբ հաղթում ես, կարծում եմ՝ յուրաքանչյուր նորմալ մարդ պետք է մտածի այն մարդկանց կամ այն մարդու մասին, ով ամենամեծ ներդրումն ունի հաղթանակի մեջ:

Արդեն ընտրե՞լ ես կյանքիդ ուղեկցին։

Այո, արդեն գտել եմ իմ երկրորդ կեսին:

Նա ինչպե՞ս է փորձում քեզ աջակցել այս օրերին:

Նա ինձ շատ է օգնում: Նա եւս այն պատճառներից մեկն է, ում շնորհիվ ես լավ տրամադրություն ունեմ Խաղերից առաջ: Կարեւոն այն է, որ նա ինձ չի խանգարում: Այնքան շատ եմ բացակայում տանից, որ նրան հերթ չի հասնում՝ ինձ ոգեշնչի, մարտական տրամադրի Լոնդոն մեկնելուց առաջ, քաջալերի: Ես մշտապես մարզումների մեջ եմ, բայց դա նրան չի խանգարում եւ մեր հարաբերություններին չի խոչընդոտում: Մարզիկի կյանքում սիրած մարդու առկայությունը կարեւոր է, մասնավորապես, երբ չի խանգարում եւ չի նեղանում քո մշտական բացակայություններից: Չխանգարելն ամենալավ օգնելն է. ահա թե ինչով է նա ինձ ոգեշնչում Խաղերից առաջ: Փառք Աստծո գտել եմ նման աղջկա, ով ինձ լիովին հասկանում է, ըմբռնումով է մոտենում իմ բացակայություններին եւ հիասքանչ վերաբերմունք ունի իմ ընտրած մարզաձեւի հանդեպ, իմ մասնագիտությանը:

Ունե՞ս օլիմպիական կարգախոս:

Որպես այդպիսին կարգախոս չեմ մտածել: Երբ հոգնած եմ լինում կամ ծանր մարզումներից հետո վերադառնում եմ տուն, ուղեղումս պտտվում է մի միտք՝ արա այն, ինչ-որ պետք է անես, ու կլինի, ինչ-որ պետք է լինի: Այս միտքն ինձ հույս է տալիս: Եվ իրականում այն ինչ-որ պետք է լինի՝ կլինի, իսկ ինչը ոչ՝ չի լինի: Այնպես որ, կարծում եմ ես իմ անելիքը 100 տոկոսով անում եմ: Մնում է միայն սպորտային հաջողության, առողջականի գործոնը իմ կողմից լինեն եւ ես կանեմ այն, ինչին ընդունակ եմ: Լոնդոնում ցուցադրելու եմ այն գոտեմարտը, ինչին ընդունակ եմ:

Երազանք ունե՞ս:

Այս պահին երազում եմ օլիմպիական ոսկե մեդալ նվաճելու մասին: Բայց չեմ գնում ոսկե մեդալի հետեւից, որպեսզի մեր օջախում դա լինի երկրորդը, այլ գնում եմ, որ նվաճեմ ինձ համար: Դա իմ կյանքի գլխավոր երազանքն է: Երբ իրականացնեմ այս երազանքը, կմտածեմ նոր երազանքի մասին:

Զրուցեց Լուսինե Շահբազյանը

Լուսանկարը՝ Սոնա Բարսեղյանի

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով



  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ