10:21  ,  7 հոկտեմբերի, 2017

Լեհաստանի հավաքականի ֆուտբոլիստների նվերը Լեւանդովսկուն (ֆոտո)

Լեհաստանի հավաքականի ֆուտբոլիստները Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկուն նվեր են հանձնել ազգային թիմի պատմության լավագույն ռմբարկու դառնալու առթիվ:

29-ամյա ֆուտբոլիստին նվիրել են Լեհաստանի հավաքականի՝ 50 համարի մարզաշապիկ, որի վրա ազգային թիմի բոլոր խաղացողների ինքնագրերն են, հայտնում է Sport.pl-ը:

Լեւանդովսկին, հեթ-տրիկի հեղինակ դառնալով Հայաստանի թիմի դեմ աշխարհի առաջնության ընտրական փուլի նախավերջին տուրի խաղում, Լեհաստանի հավաքականում գոլերի քանակը հասցրել էր 50-ի: Մինչեւ այդ Լեհաստանի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն էր Վլոդզիմեժ Լյուբանսկուն, որն ազգային թիմում խփել էր 48 գոլ:

Հիշեցնենք, որ Երեւանի «Հանրապետական» ստադիոնում կայացած խաղում լեհ հարձակվողն 2018թ. աշխարհի առաջնության ընտրական փուլում գոլերի քանակը հասցրել է 15-ի եւ սահմանել ռեկորդ: Նախկինում ոչ մի ֆուտբոլիստի չէր հաջողվել 15 գոլ խփել աշխարհի առաջնության եվրոպական գոտու մեկ ընտրական մրցաշարում: Նախորդ ռեկորդը պատկանում էր գերմանացի Գերդ Մյուլերին եւ Պորտուգալիայի հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուին, որոնք մեկ ընտրական փուլում դարձել էին 14-ական գոլի հեղինակ: Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոնալդուն Գերդ Մյուլերի ռեկորդը կրկնել էր այս ընտրական փուլում եւ դեռ կարող է թարմացնել այդ ցուցանիշը վերջին 2 խաղերում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով