16:29  ,  23 սեպտեմբերի, 2017

Սամվել Գեւորգյանը՝ Կլայպեդայից. Ադրբեջանցիները զարմացած մնացին Կարեն Ասլանյանի կամային հաղթանակից (ֆոտո)

Բանակայինների աշխարհի առաջնությունում ադրբեջանցիները զարմացած էին, որ կան Կարեն Ասլանյանի պես հայ ըմբիշ, որը 1:5 հաշվով պարտվելիս 3 րոպեում հաղթանակ կորզեց ադրբեջանցուց: Ուրախ եմ, որ ունեցանք բանակայինների աշխարհի չեմպիոն, ինչը եւս մեկ անգամ ապացուցեց, որ մենք ուժեղ ենք եւ սահմանին, եւ սպորտում:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Լիտվայից ասաց հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզիչ, Կարեն Ասլանյանի անձնական մարզիչ Սամվել Գեւորգյանը:

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի 66 կգ քաշային Կարեն Ասլանյանը Կլայպեդայում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի բանակայինների աշխարհի առաջնությունում նվաճել է ոսկե մեդալ:

«Բանակայինների աշխարհի առաջնությանը մասնակցում է շուրջ 30 երկիր: Այստեղ են ըմբշամարտի ուժեղագույն երկրների թիմերը՝ Ռուսաստան, Ադրբեջան, Վրաստան, ԱՄՆ, Իրան: Ուժեղ մրցակցություն կա, մասնակցում են օլիմպիական մրցանակակիրներ, աշխարհի չեմպիոններ:

Կարեն Ասլանյանն այս ուժեղագույնների մեջ հրաշալի հանդես եկավ: Անցկացրեց 3 գոտեմարտ: Առաջին մրցակիցը Կորեայի ներկայացուցիչն էր, որը շատ ուժեղ ըմբիշ էր: Կորեացուն Կարեն Ասլանյանը հաղթեց 3:0 հաշվով:

2-րդ մրցակիցը ադրբեջանցի էր: Հետաքրքիր ու լարված պայքար ստացվեց ադրբեջանցու հետ: Առաջին մրցափուլում Կարեն Ասլնայնը սխալ թույլ տվեց եւ պարտվում էր 1:5 հաշվով: 2-րդ մրցափուլում Կարեն Ասլանյանը հավաքեց ուժերը եւ ադրբեջանցուն հաղթեց 6:5 հաշվով:

Եզրափակչում Կարեն Ասլանյանի մրցակիցը ռուս ըմբիշ էր, որը Ռուսաստանի 66 կգ քաշայինների ուժեղագույն ըմբիշներից է համարվում: Ռուս ըմբիշին Ասլանյանը հաղթեց 3:1 հաշվով: Շատ ակտիվ էր եզրափակիչում: 6 րոպեի ընթացքում մի վայրկյան չհանգստացավ եւ թույլ չէր տալիս, որ ռուսը շունչ քաշի»,- ասաց Կարեն Ասլանյանի անձնական մարզիչը:

Ըստ Սամվել Գեւորգյանին՝ երիտասարդներից մեծահասակների կազմ տեղափոխված Կարեն Ասլանյանը բանակայինների աշխարհի առաջնությունում շտկեց մեծահասակների աշխարհի առաջնությունում թույլ տված սխալները:

«Այս առաջնությունում Կարեն Ասլանյանը չնայած լավ մարզավիճակ չուներ, բայց նա իր լավագույն հնարավորություններով հանդես եկավ: Այս արդյունքին մենք հասանք մարզչական շտաբով: Հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը, ամբողջ մարզչական շտաբը մեծահասակների աշխարհի առաջնությունից հետո զրուցել էինք մարզիկի հետ, նշել էինք նրա սխալները գորգում: Մեծ աշխատանք էինք տարել ըմբիշի հետ եւ արդյունքը եղավ ոսկե մեդալը:

Ուրախ եմ, որ բանակայինների աշխարհի առաջնությունում նա ոսկե մեդալ նվաճեց, դա համընկավ Հայաստանի անկախության 26-ամյակին: Մենք եւս մեկ անգամ այստեղ, եւ գուցե ոչ պատահական՝ բանակայինների աշխարհի առաջնությունում, ապացուցեինք, որ մենք ուժեղ ենք եւ սահմանին, եւ սպորտում»,- նշեց Սամվել Գեւորգյանը:

Բանակայինների աշխարհի առաջնությանը Հայաստանի համար արծաթե մեդալ էր նվաճել նաեւ 71 կգ քաշային Արմեն Հակոբյանը:

«Արմեն Հակոբյանը եւս շատ լավ հանդես եկավ: Ի դեպ, Արմեն Հակոբյանը երկար ժամանակ զինծառայության մեջ էր Արցախում: Մի քանի ամսվա մարզումներից հետո նա հնարավորություն ստացավ մասնակցել բանակայինների աշխարհի առաջնությանը եւ նվաճեց փոխչեմպիոնի կոչումը: Նրա այս արդյունքը շատ գոհացնում է մարզիչներիս, արծաթե մեդալը խոսում է ըմբիշի կամային բարձր հատկությունների մասին»,- շեշտեց Սամվել Գեւորգյանը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում