11:26  ,  26 հուլիսի, 2012

Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել հայ օլիմպիականներին

Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել հայ օլիմպիականներին, որոնք կմասնակցեն հուլիսի 27-ին մեկնարկող Լոնդոնի Օլիմպիական խաղերին:

«Սիրելի մարզիկներ եւ մարզիչներ

Հայաստանը հերթական անգամ իր պատվիրակությամբ ներկայանում է համաշխարհային գլխավոր մարզահանդեսին` ամառային Օլիմպիական խաղերին:

Համոզված եմ, որ պատվով կներկայացնեք մեր երկիրը, ազնիվ մրցակցություն կծավալեք մրցասպարեզներում, լիովին կդրսեւորեք ձեր վարպետությունը, հմտությունները ու պատվով կպաշտպանեք Հայաստանի մարզական դրոշի պատիվը:

Անշուշտ գիտակցում եք, որ ձեր մրցելույթներին ուշադրությամբ հետեւելու են Հայաստանի եւ սփյուռքի մեր հայրենակիցները: Հավատում եմ, որ կարդարացնեք սպասելիքները, նոր նվաճումներով կհարստացնեք Օլիմպիական խաղերի հայաստանցի չեմպիոնների եւ մրցանակակիրների շարքը եւ ձեր արժանի տեղը կգտնեք հայրենական սպորտի պատմագրքում:

Անձամբ եմ հետեւելու «Լոնդոն-2012»-ի ընթացքին, լինելու եմ հայ մարզիկների ջերմեռանդ երկրպագուներից մեկը: Ավելին, ցանկանում եմ լինել ձեր հաղթանակների ականատեսը, որպեսզի միասին ապրենք հաջողությունների բերկրանքը:

Զինվենք համբերությամբ` հաղթանակների ակնկալիքով:

Ձեզ բարի ճանապարհ եւ հաղթական վերադարձ»,- փոխանցում է ՀԱՕԿ-ի մամուլի ծառայությունը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում