Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար, Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնակատար Հրաչյա Ռոստոմյանը հանդիպել է ֆեդերացիայի նախագահության եւ մարզչական խորհրդի անդամների հետ: Հանդիպման ժամանակ քննարկվել են ֆեդերացիայի ընթացիկ աշխատանքները եւ հետագա ծրագրերը, փոխանցում են նախարարության մամուլի ծառայությունից:
Նախարարը շնորհակալություն է հայտնել ֆեդերացիայի ղեկավարությանը՝ կատարած աշխատանքի համար եւ հույս հայտնել, որ հետագայում եւս հայ մարզիչների արհեստավարժությունը հնարավորություն կտա մեր մարզիկներին պատվով ներկայացնել Հայաստանը միջազգային հեղինակավոր մրցաշարերում:
«2017 թվականի աշխարհի առաջնությանը մեր մարզիկների մասնակցությունը գնահատում եմ լավ: Ունեցանք աշխարհի երկու չեմպիոն եւ երկու բրոնզե մեդալակիր: Սա ինչպես մարզիկների, այնպես էլ մարզիչների քրտնաջան աշխատանքի արդյունքն է»,- ասել է Հրաչյա Ռոստոմյանը:
Հունահռոմեական եւ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հանաքականների գլխավոր մարզիչները նախարարին ներկայացրել են հաշվետու ժամանակաշրջանում, կազմակերպված ուսումնամարզական հավաքների եւ մարզիկների անհատական մարզումների ընթացքը, տեղեկատվություն ներկայացրել իրականացված բազմաթիվ կազմակերպչական այլ աշխատանքների վերաբերյալ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում