10:51  +04,  25 օգոստոսի, 2017

NEWS.am Sport Exclusive. Միհրան Հարությունյան. Այս ամբողջ «կեղտի» մեջ ես գտա իմ լույսը (ֆոտո)

6-7 ամսից կվերադառնամ մրցագորգ, հանդես կգամ 75 կամ 80 կգ քաշային կարգում, իսկ մինչ այդ հարսանիքս է լինելու, սեպտեմբերին էլ ձեռքիս վերջին վիրահատությունը:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ռիո-2016-ի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը, որը մեկնել էր Արցախ: Նրան ընդունել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը. քննարկել են Ստեփանակերտում ըմբշամարտի դպրոց բացելու նախագիծը:

Միհրան, դեռ Օլիմպիական խաղերից հետո հայտարարեցիր, որ ցանկանում ես Արցախում հիմնել ըմբշամարտի դպրոց: Ինչպե՞ս է անցել այցդ Արցախ:

Կարճ ժամանակով եմ Հայաստանում: Բակո Սահակյանի հետ հանդիպումը դեռ շուտ պետք է կայանար, բայց ձեռքիս հետ կապված խնդիրների եւ վիրահատությունների պատճառով անընդհատ հետաձգվում էր: Ես արդեն հայտարարել եմ, որ ցանկություն ունեմ Արցախում ըմբշամարտի մարզադպրոց հիմնել, քանի որ արցախցիները ըմբշամարտի որեւէ մարզադպրոց, դահլիճ, հարմար պայմաններ չունեն այս մարզաձեւով զբաղվելու համար: Իսկ մարզաձեւը շատ սիրված է Արցախում եւ մարզվելու ցանկություն ունեցողները շատ են: Այդ նպատակով հայկական ըմբշամարտի զարգացման հարցում ես ցանկանում եւս իմ ներդրումն ունենալ, հիմնել մարզադպրոց: Բակո Սահակյանի հետ քննարկեցի մարզադպրոցի ստեղծման համար որոշ հարցեր, նախագահին ներկայացրեցի իմ մտահղացումները, որոնք շատ ջերմ ընդունվեցին նրա կողմից: Քննարկեցինք վայրը, շենքը, կառուցման հետ կապված հարցերը: Մարզադպրոցը կլինի Ստեփանակերտում: Դեռ ստույգ ժամկետներ չեմ կարող ասել՝ երբ կբացվի մարզադպրոցը, բայց վստահ կարող եմ ասել, որ արցախցիները եւս շուտով հնարավորություն կունենան իրենց հայրենիքում զբաղվել սիրելի մարզաձեւով:

Միհրան, այս օրերին Հայաստանն ունեցավ եւս երկու աշխարհի չեմպիոն՝ Արթուր Ալեքսանյան եւ Մաքսիմ Մանուկյան: Հետեւե՞լ ես հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությանը:

Ես սրտանց շնորհավորում եմ իմ ընկերներին այդ մեծ տիտղոսին արժանանալու համար: Մաքսիմ Մանուկյանի հաջողությունն ինձ անչափ ուրախացրեց, ես իսկապես նրա այս հաղթանակի համար ուրախ եմ, քանի որ նա արժանի էր չեմպիոն դառնալուն, նա վաստակել էր այդ կոչումը: Նա շատ տաղանդավոր ըմբիշ է, գրագետ գոտեմարտեր է վարում, նաեւ որպես մարդ հրաշալի անձնավորություն է, անկեղծ ընկեր: Նրա մոտ միշտ ինչ-որ բան չէր ստացվում, չէր բավականացնում: Բայց ուրախ եմ, որ հենց աշխարհի առաջնությունում այդ պատնեշը քանդվեց եւ Մաքսիմը հռչակվեց աշխարհի չեմպիոն: Սա պատմական իրադարձություն է թե նրա, թե հայկական ըմբշամարտի համար:

Արթուր Ալեքսանյանն անփոխարինելի է: Նա կանգ չի առնում, առաջ է գնում եւ չի բավարարվում ձեռք բերածով: Նա ուղղակի պարծանքի արժանի ըմբիշ է: Նրանք երկուսն էլ իմ ընկերներն են, եւ ես հպարտ եմ, որ իմ ընկերները  աշխարհի չեմպիոնի տիտղոսներով վերադարձել են հայրենիք: Վստահ եմ, որ նրանք կունենան նոր տիտղոսներ եւ այսպես կգնան մինչեւ Տոկիո-2020-ի Օլիմպիական խաղեր:

Իրականում, դժվար է դառնալ աշխարհի չեմպիոն: Սպորտում հաճախ են լինում անկումներ եւ վերելքներ: Շատ կուզեի, որ հասարակությունը, մարդիկ այս մարզիկներին միայն չեմպիոն դառնալու ժամանակ չսիրեին եւ մեծարեին: Հանրության աջակցությունը նրանց միշտ է պետք: Արթուրն ու Մաքսիմը այժմ չեմպիոններ են եւ մարդիկ նրանց այժմ սիրում են: Բայց մարզիկներին սիրել եւ աջակցել պետք է նաեւ պարտությունների ժամանակ, որ այդ սիրով եւ աջակցությամբ ուժ գտնեն հասնելու հաղթանակների:

Հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը հայտարարեց, որ այս աշխարհի առաջնությունում մրցավարական կոպիտ խախտումներ չեն նկատվել: Ըստ քեզ, եթե դու լինեիր գորգում, այս անգամ կրկին փորձեր կլինեի՞ն քեզնից հաղթանակներդ խլել:

Ինձ նույնպես պատմեցին, որ այս անգամ արդար մրցավարություն է եղել եւ մեր մարզիկների գոտեմարտերի ժամանակ որեւէ խախտում կամ միավոր գողանալ, հաղթանակ կորզել չի եղել: Բայց, չգիտես ինչու, վստահ եմ, որ եթե ես լինեի գորգի վրա, ամեն ինչ կփոխվեր, քանի որ միջազգային սպորտի ղեկավարությունից կան մարդիկ, ովքեր իրենց խոսքն ու ազդեցությունն ունեն մրցավարների վրա: Չեմ կարծում, թե մրցավարներն ինձ չեն սիրում, ուղղակի կան մարդիկ, ովքեր ասում են մրցավարներին՝ ինչպես դատել իմ գոտեմարտերը: Այնպես որ, այդ արդարությունը դժվար պահպանվեր, եթե աշխարհի առաջնության գորգում լինեի ես:

Ես հաղթահարելու եմ բոլոր այս խոչընդոտները, իմ առջեւ շարած պատերը: Սա դեռ վերջը չէ, սա դեռ ամեն ինչի սկիզբն է եւ գալու է մի օր, որ ես հաղթելու եմ ոչ միայն իմ մրցակիցներին, այլեւ մրցավարներին եւ բոլոր այն մարդկանց, ովքեր խանգարել են ինձ եւ գողացել իմ ու Հայաստանի մեդալները: Սա իմ գերնպատակն է մեծ սպորտում, այնպես որ ես չեմ հեռանալու սպորտից:

Հուսամ, վերջին վիրահատությունս հաջող կանցնի եւ կես տարի հետո արդեն լիարժեք կվերսկսեմ մարզումներս: Սեպտեմբերին է ձեռքիս վերջին վիրահատությունը եւ խոստանում եմ, որ 6 ամիս վերականգնվելուց հետո կվերադառնամ գորգ: Թե որ քաշային կարգում կշարունակեմ հանդես գալ, դեռ վերջնական որոշված չէ: Դա անպայման լինելու է օլիմպիական քաշ՝ 75 կգ կամ 80 կգ: Ինձ համար նշանակություն չունի, որ քաշային կարգում եմ հանդես գալու, կընտրեմ այն քաշը, որն ինձ համապատասխան կլինի ապաքինումից հետո:

66 կգ քաշային կարգ չե՞ս վերադառնա:

Կարծում եմ՝ ոչ: Քաշային կարգս կփոխեմ: 66-ում այլեւս հանդես չեմ գա: Ի դեպ, այս աշխարհի առաջնությունում 66 կգ քաշային կարգում հանդես եկավ երիտասարդ Կարեն Ասլանյանը: Նա շատ լավ ըմբիշ է, միայն թե մեծահասակների կազմում մրցաշարերի մասնակցության փորձի պակաս ունի: Կարենի անձնական մարզիչ Սամվել Գեւորգյանը նաեւ իմ անձնական մարզիչն է Հայաստանում եւ մենք՝ երեքով հրաշալի կաշխատենք, Կարենին հնարավորինս կաջակցեմ, քանի որ այդ քաշային կարգի բոլոր մրցակիցներին եւ ուժեղներին գիտեմ, նրբություններին կսովորեցնեմ, որպեսզի այդ քաշային կարգում ուժեղ ըմբիշ ունենանք:

Իսկ ի՞նչ կասես հունահռոմեական ըմբշամարտի փոփոխված կանոնների մասին, չորեքթաթ դրության բացակայության մասին:

Հունահռոմեական ըմբշամարտի գոտեմարտերն առան չորեքթաթ դրության նույն է, ինչ մատանին առանց ադամանդե քարի: Ինչպե՞ս կարելի է գոտեմարտն անցկացնել առանց չորեքթաթ դրության: Հունահռոմեական ըմբշամարտի ամբողջ գեղեցկությունն ու դիտարժանությունը հենց չորեքթաթ դրությունն է եւ այդ դիրքից հնարքները: Ըմբիշը իր հմտությունների 70 տոկոսը կարողանում է ցուցադրել պարտերում: Բայց դեմ չեմ, որ կանգնած դրությունում էլ է հնարավոր գեղեցիկ գործողություններ եւ հնարքներ անել: Լավ կլինի, որ չորեքթաթ դրությունը վերադարձնեն, բայց լավ չի, երբ դա լավ ըմբիշների համար խնդիր է դառնում: Կարծում եմ՝ յուրաքանչյուր լավ ըմբիշ պետք է հարմարվի ցանկացած կանոնի: Ես, համենայն դեպս, վստահ կհարմարվեմ այն կանոններին, որոնք կլինեն իմ ժամանակ: Եթե պետք է գոտեմարտել առանց պարտերի, ուրեմն կգոտեմարտեմ այդպես:

Մի փոքր պատմիր քո անձնական կյանքի մասին:  

Անձնական կյանքումս ամեն ինչ նորմալ է: Լավ նորությամբ կիսվեմ. ես նշանադրվել եմ եւ շուտով ամուսնանալու եմ: Հարսանիքը կայանալու է օգոստոսի 30-ին Մոսկվայում: Ապագա կնոջս հետ ծանոթացել ենք մեր ընդհանուր ընկերների միջոցով: Չգիտեմ՝ սիրահարվել եմ առաջին հայացքից, գուցե երկրորդ հանդիպումից, բայց ուրախ եմ, որ նա հայտնվել է իմ կյանքում՝ կյանքիս ամենաբարդ ժամանակահատվածում: Այս մեկ տարվա ընթացքում շատ դժվարություններ տեսա, շատ մարդկանց կողմից քննադատությունների, չարախոսությունների արժանացա, իմ անվան հետ կապեցին բազմաթիվ անհեթեթ պատմություններ՝ իբր ես կրակել եմ ինչ-որ մեկի վրա, կռիվներ եմ արել, ինչ-որ աղջկա եմ ծեծել... Այս ամենը եկավ թե ադրբեջանական, թե հայկական մամուլից եւ ինձ համար շատ տհաճ էր: Այս ամբողջ «կեղտի» մեջ ես գտա իմ լույսը, այժմ կենտրոնացած եմ իմ ընտանիքի, իմ կնոջ եւ դստեր վրա, այլեւս ուշադրություն չեմ դարձնում, թե ինչ են գրում իմ մասին:

Միակ մտածմունքս այն է, որ բարեհաջող անցնի ձեռքիս վիրահատությունը, եւ ես որքան հնարավոր է շուտ վերադառնամ գորգ: Կինս գիտի իմ մասնագիտության մասին եւ այն, որ մեր համատեղ կյանքի ընթացքում երկար եմ բացակայելու նրա կողքից, նա ինձ սիրում եւ ընդունում է իմ ըմբշամարտով հանդերձ եւ հուսամ՝ սպորտը եւ ընտանիքը կլրացնեն եւ մեկը մյուսին չեն խանգարի:

Կինս աբխազուհի է, ծնվել է Աբխազիայում: Դեռեւս ապրելու ենք Մոսկվայում, բայց դեռ կոնկրետ չենք որոշել՝ որտեղ ենք հաստատվելու: Բայց ես շատ եմ ցանկանում ապրել հայկական միջավայրում, խոսել հիմնականում հայերեն: Այս շրջանում ես եւ կինս զբաղվում ենք հայոց լեզվի դասերով, փորձում ենք սովորել ճիշտ խոսել հայերեն: Չնայած կրթությունս ռուսական է, բայց շատ եմ ցանկանում խոսքս դարձնել հայերեն: Մեր ընտանիքում հիմանակում բոլորը խոսում են հայերեն, նույնիսկ 2,5 տարեկան աղջիկս՝ Մոնիկան, լիարժեք տիրապետում է հայերենին, հայերենով հեքիաթներ եւ բանաստեղծություններ է ասում:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ