22:51  +04,  22 օգոստոսի, 2017

Մաքսիմ Մանուկյանն՝ աշխարհի չեմպիոն (ֆոտո)

Մաքսիմ Մանուկյանը հռչակվեց աշխարհի չեմպիոն: Փարիզում ավարտվող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնության 80 կգ քաշային կարգի եզրափակիչում Մաքսիմ Մանուկյանը գոտեմարտեց այս տարվա Եվրոպայի փոխչեմպիոն, Բելառուսը ներկայացնող ազգությամբ լեզգի Ռադիկ Կուլիեւի հետ:

Եզրափակիչը մեկնարկեց Բելառուսի ներկայացուցչի պասիվությամբ։ Երկու նկատողությունից հետո գորգի մրցավարը մեկ միավոր տվեց Մաքսիմ Մանուկյանը։ Բելառուսի ներկայացուցիչը մինչ կկողմնորոշվեր ինչպես շարունակել գոտեմարետը, Մաքսիմ Մանուկյանը գցում կատարեց եւ գլորեց մրցակցին՝ միանգամից 4 միավոր վաստակելով։ Ըմբիշները հանգստի գնացին 5։0 հաշվով՝ Մաքսիմ Մանուկյանի առավելությամբ։

Երկրորդ մրցափուլում գորգի մրցավարը երկու անգամ պասիվության նկատողություն տվեց Մաքսիմ Մանուկյանին, բայց գոտեմարտի մրցավարները չմիացան գորգի մրցավարին։ Մաքսիմ Մանուկյանը հաղթեց 5։0 հաշվով եւ առաջին անգամ իր մարզական կարիերայում ճանաչվեց աշխարհի չեմպիոն։ 

Հիշեցնենք, որ  Մանուկյանը կիսաեզրափակիչում տպավորիչ հաղթանակ էր տարել վրացի Զուրաբի Դատունաշվիլիի նկատմամբ՝ 1 րոպե 55 վայրկյանում, 7:0 հաշվով:

Քառորդ եզրափակիչում Մաքսիմ Մանուկյանը 3։0 հաշվով հաղթել էր Գերմանիայի ներկայացուցիչ Պասկան Այզելեին։ 1/8 եզարփակիչում Մանուկյանը 8:4 հաշվով պարտության էր մատնել շվեդ Ալեքս Կեսիդիսին:

Որակավորման փուլում մրցագորգ էր դուրս եկել իրանցի Յուսեֆ Ահմադ Ղադերիանի դեմ եւ հաղթել 10:1 հաշվով:

Մաքսիմ Մանուկյանի մարզական կարիերան դադարներով է եղել: Սկսել է մարզվել 1998 թվականից, չորս տարի դադարից հետո վերադարձել է մեծ սպորտ ու վերսկսել մարզումները 2010 թվականից:

Կազան-2013-ի Համաշխարհային ունիվերսիադայի փոխչեմպիոն է, 2014 թ. զինվորականների աշխարհի բրոնզե մեդալակիր, 2016 թվականի աշխարհի գավաթակիր, մեծահասակների բազմաթիվ միջազգային մրցաշարերի հաղթող։

Անձնական մարզիչն է Ալեքսան Հովհաննիսյանը:

30-ամյա Մաքսիմ Մանուկյանը մինչ այս մեծահասակների կազմում Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններում մեդալ չէր նվաճել։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից: