18:48  ,  24 հուլիսի, 2017

Հայ հեծանվորդները՝ Օլիմպիական փառատոնում

Հունգարիայի Գյոռ քաղաքում մեկնարկել է Եվրոպական պատանեկան ամառային օլիմպիական փառատոնը, որին Հայաստանը մասնակցում է մեծ կազմով։ Հայ պատանի մարզիկներն օլիմպիական փառատոնին հանդես կգան 6 մարզաձեւերում՝ լող, աթլետիկա, թենիս, հեծանվային սպորտ, սպորտային մարմնամարզություն եւ ձյուդո։

Հեծանվային սպորտում Հայաստանն ունի երեք ներկայացուցիչ՝ Ամո Ասուբով, Հովհաննես Երանոսյան եւ Հենրիկ Երանոսյան։ Հեծանվորդները կպայքարեն խճուղային հեծանվավազքում։

Հեծանվային սպորտի Հայաստանի ներկայացուցիչները մեկնարկի դուրս կգան հուլիսի 25-ին՝ 10 կմ անհատական հեծանվավազքում եւ հուլիսի 27-ին՝ 70 կմ խմբակային վազքում։

Պատանի հեծանվորդներին օլիմպիական մրցավայր է ուղեկցել հավաքականի մարզիչ Դավիթ Մկրտչյանը։

«Օլիմպիական փառատոնի մասնակից հեծանվորդներն ընտրվել են ըստ Հայաստանի առաջնությունում ցույց տված արդյունքների։ Ամո Ասուբովը Հայաստանի չեմպիոն է, Երանոսյան եղբայրները 2-րդ եւ 3-րդ տեղերը զբաղեցնողները։

Սա իմ առաջին փորձն է մարզական գործունեությունումս, որ Հայաստանի ներկայացուցիչներին ուղեկցում եմ մրցավայր։ Պատանի հեծանվորդների համար էլ Գյոռ-2017-ն առաջին միջազգային փորձն է։ Ակնկալում ենք լավ մասնակցություն: Մարզիկները ֆիզիկապես եւ հոգեբանորեն պատրաստ են մեկնարկներին։ Երեքն էլ կարող են մեդալներ նվաճել։ Ցանկալի է, որ զուտ լավ մասնակցությունով չսահմանափակվենք»,- ասաց Դավիթ Մկրտչյանը։

NEWS.am Sport-ի թղթակիցը հետեւեց օլիմպիական փառատոնի մասնակից հեծանվորդների վերջին մարզումային օրվան։  

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով