13:11  ,  22 հուլիսի, 2017

Սերժ Սարգսյան. Պրոֆեսիոնալ սպորտին զուգահեռ պետք է նպաստենք նաեւ մասսայական սպորտի զարգացմանը (ֆոտո)

Տեսնելով ուրախությունը «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի կրտսեր մասնակիցների աչքերում, նշանակում է՝ մրցույթը տեղին է եւ անհրաժեշտ:

Այս մասին Ծաղկաձորում ամփոփված  Հայաստանի նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք-2017» մցրույթի փակման արարողության ընթացքում ասաց նախագահ Սերժ Սարգսյանը:

Ծաղկաձորում ավարտվել է ՀՀ Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթը: Հայտնի են դարձել չորս տարիքային խմբերի վեց մրցաձեւերի հաղթողներն ու մրցանակակիրները.առաջին տարիքային խմբում հաղթող է ճանաչվել Ավագյանների ընտքանիքը Կոտայքի մարզից, 2-րդ տարիքային խմբի հաղթողը` Թամոյանների ընտանիքն է Երեւանից, 3-րդ խմբի հաղթողը Մարտիրոսյաններն են Երեւանից եւ 4-րդ խմբում ուժեղագույնը Ալեքսանյանների ընտանիքն է Շիրակի մարզից: Հաշմանդամություն ունեցող ընտանիքներից առաջին տեղը զբաղեցրել են Լոռու մարզից Նազարյանների ընտանիքը:

Առաջին տեղը զբաղեցրած ընտանիքները պարգեւատրվեցին 500-հազարական դրամով, 2-րդ տեղը զբաղեցրածները՝ 400-հազարական,  իսկ 3-րդ տեղը զբաղեցրածները՝ 300-հազարական դրամով:

Հաղթող ընտանիքներին մեդալներ հանձնեց եւ պարգեւատրեց Սերժ Սարգսյանը:

«Շնորհավորում եմ այս մրցույթում մասնակից յուրաքանչյուր ընտանիքի: Հայաստանի «Լավագույն մարզական ընտանիք 2017» մրցույթին մասնակցելն արդեն հաղթանակ է: Հայաստանի «Lավագույն մարզական ընտանիք» մրցույթին մասնակցելը եւ առհասարակ մասսայական սպորտային միջոցառումների մասնակցելը մեզ պարգեւում է ոչ միայն առողջություն, լավ տրամադրություն, այլեւ հաստատակամություն, հավատ՝ ապագայի նկատմամբ:

 Մասնակից երեխաների աչքերին նայելով մեծ ուրախություն ու լույս եմ տեսնում:  Այն, ինչ-որ կատարվում է, նշանակում է՝ տեղին է եւ անհրաժեշտ: Մեր Հանրապետությունում պրոֆեսիոնալ սպորտին զուգահեռ պետք է նպաստենք նաեւ մասսայական սպորտի զարգացմանը՝ կազմակերպելով եւ անցկացնելով նմանատիպ միջոցառումներին»,- ասաց Սերժ Սարգսյանը:

Չորս տարիքային խմբերում առավելագույն միավորներ հավաքած քաղաքը Երեւանն էր: ՀՀ նախագահը գավաթով պարգեւատրեց Տարոն Մարգարյանին:

ՀՀ նախագահի կողմից մասնակից ընտանիքների երեխաները մարզահագուստներ նվեր ստացան, իսկ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը ամենակրտսեր մասնակիցներին 100 հազարական դրամներ հանձնեց:

Մասնակից 1516 ընտանիքները պայքարեցին 4 տարիքային խմբերում, 6 մրցաձեւերում. խաղային փոխանցավազք 80 մ (15 մ + 25 մ + 40 մ), խաղային փոխանցավազք` 30 մ, հեռացատկ (տեղից), «Հավաքիր «Հաղթանակ» բառը» մրցույթը, վարժություն բասկետբոլի գնդակով, խաղային փոխանցավազք թենիսի գնդակներով:

Խաղային փոխանցավազք 80 մ (15 մ + 25 մ + 40 մ) հաղթողները  Գեղամյանների, Բուդաղյանների, Մարտիրոսյանների եւ Մարգարյանների ընտանիքներն են Երեւանից եւ Շիրակի մարզից:

Խաղային փոխանցավազք՝ 30 մ՝ Գրիգորյանների, Բուդաղյանների, Գրիգորյանների եւ Ուդումյանների ընտանիքները՝ Երեւանից եւ Կոտայքի մարզից:

Հեռացատկ (տեղից)՝  Սմբատյանների, Նուրիջանյանների, Գրիգորյանների եւ Ուդումյանների ընտանիքները՝ Երեւանի ց եւ Կոտայքի մարզից:

Պարանի ձգում՝ Ստեփանյանների, Թամոյանների, Ասատրյանների եւ Էվոյանների ընտանիքները՝ Երեւանից, Արագածոտնի , Կոտայքի եւ Լոռու մարզերից :

Վարժություն բասկետբոլի գնդակով՝ Սիրունյանների, Ղարիբյանների, Բալյանների եւ Աբրահամյանների ընտանիքները Երեւանից եւ Գեղարքունիքի մարզից:

Խաղային փոխանցավազք՝  թենիսի գնդակով Ավագյանների, Նուրիջանյանների, Գեղամյանների եւ Աբրահամյանների ընտանիքները Երեւանից, Կոտայքի մարզից եւ Շիրակի մարզից:

ՀՀ սպորտի նախարարության կողմից առանձին մարզաձեւերում հաղթող եւ մրցանակային տեղեր զբաղեցրած ընտանիքները պարգեւատրվեցին 100 հազարական դրամով: Դրամական պարգեւներն ընտանիքներին հանձնեց սպորտի նախարար Հրաչյա Ռոստոմյանը:

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով