14:59  ,  5 հունիսի, 2017

Հայաստանի հավաքականի եւ Արթուր Պետրոսյանի ռեկորդները

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը, հունիսի 4-ին Երեւանում կայացած ընկերական խաղում 5:0 հաշվով հաղթելով Սենթ Քիթս եւ Նեւիսի թիմին, սահմանել է ռեկորդ, հայտնում է ՀՖՖ կայքը:

Հայաստանի հավաքականը տարավ իր պատմության ամենախոշոր հաշվով տնային հաղթանակը: Մինչեւ այդ ամենախոշոր հաշվով տնային հաղթանակը գրանցվել էր 2010 թ. հոկտեմբերի 12-ին՝ Անդորրայի հավաքականի հետ խաղում (4:0): 

Արթուր Պետրոսյանը դարձավ Հայաստանի հավաքականի պատմության առաջին գլխավոր մարզիչը, որն ազգային թիմում մեկնարկում է 3 անընդմեջ հաղթանակներով: 

Հայաստանի հավաքականի պատմության լավագույն ռմբարկու Հենրիխ Մխիթարյանը թարմացրեց իր ռեկորդը եւ խփեց 21-րդ ու 22-րդ գոլերը:

Հավաքականի կազմում իրենց առաջին գոլերը խփեցին Ռուսլան Կորյանն ու Արտակ Եդիգարյանը, իսկ նորամուտը նշեցին Նարեկ Ասլանյանն ու Արմեն Մանուչարյանը: Հավաքականի կազմում հոբելյանական 10-րդ եւ 30-րդ հանդիպումներն անցկացրեցին համապատասխանաբար Արսեն Բեգլարյանը եւ Արաս Օզբիլիսը: 

Բացի այդ, առաջին անգամ Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմում խաղացին «Ալաշկերտի» միանգամից 4 ֆուտբոլիստներ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում