00:03  ,  5 հունիսի, 2017

Հենրիխ Մխիթարյան. Հաղթանակի համար ենք մեկնելու Մոնտենեգրո

Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանը Երեւանում տեղի ունեցած ընկերական խաղում Սենթ Քիթսի եւ Նեւիսի հավաքականի նկատմամբ 5:0 հաշվով հաղթանակից հետո գնահատել է թիմի խաղը՝ անդրադառնալով Չեռնոգորիայի դեմ աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի առաջիկա հանդիպմանը:

«Չէի ասի, թե հանդիպեցինք բարձրակարգ մրցակցի: Բայց խաղն այն առումով էր օգտակար, որ փորձում էինք արագ գործել եւ եզրափակել գրոհները: Մեզ համար կարեւոր չէր գոլերի քանակը, նպատակը ճիշտ խաղալն էր` պատրաստվելով Մոնտենեգրոյի հետ խաղին: Պետք է վերլուծենք այս հանդիպումը, տեսնենք, թե ինչն ենք լավ արել կամ որտեղ ենք թերացել: Մոնտենեգրոյի հետ խաղին պետք է հնարավորինս ավելի լավ պատրաստված լինենք:

Մեկնելու ենք Մոնտենեգրո հաղթանակի համար: Հեշտ խաղ չի սպասվում, ինչպես այսօր: Շատ լավ ենք պատրաստվելու առաջիկա 5 օրերի ընթացքում:

Շատ լավ եմ ինձ զգում ֆիզիկապես եւ հոգեպես, սակայն մարզիչը որոշեց, որ մեկ խաղակես պետք է անցկացնեմ խաղադաշտում:

Կարեւոր չի, որ դիրքում հանդես կգամ: Նպատակս հավաքականին եւ իմ ակումբին օգտակար լինելն է»,- ամփոփել է Մխիթարյանը:

Լրագրողի այն հարցին, թե արդյոք Սենթ Քիթսի եւ Նեւիսի հավաքականի հետ խաղից հետո Մխիթարյանը պատրաստվում է գնալ հանգստի, Հենրիխը պատասխանեց հետեւյալ կերպ.

«Ճիշտն ասած, շատ տարօրինակ հարց եք տալիս: Ինչպե՞ս կարող եմ լքել հավաքականի ճամբարը Մոնտենեգրոյի հավաքականի հետ կարեւոր խաղից առաջ եւ մեկնել հանգստի»,- պատասխանել է ֆուտբոլիստը:

Մխիթարյանն անդրադարձավ նաեւ Եվրոպայի Սուպերգավաթի խաղին. Եվրոպայի լիգայի հաղթող «Մանչեսթեր Յունայթեդը» կհանդիպի Չեմպիոնների լիգայի հաղթող Մադրիդի «Ռեալին»:

«Իհարկե, հաճելի է մասնակցել այդպիսի հանդիպումների: Գիտենք, որ «Ռեալը» շատ լավ թիմ է, սակայն շատ ժամանակ ունենք այդ կարեւորագույն խաղին պատրաստվելու համար: Կարծում եմ, որ մինչ այդ մեր թիմի կազմում փոփոխություններ կլինեն»,- ասել է Մխիթարյանը:

Աշխարհի առաջնության Չեռնոգորիա - Հայաստան ընտրական հանդիպումը տեղի կունենա հունիսի 10-ին Պոդգորիցայում: Եվրոպայի Սուպերգավաթի «Մանչեսթեր Յունայթեդ» - «Ռեալ» հանդիպումը օգոստոսի 8-ին է Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում:

Սամվել Սուքիասյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news