12:21  ,  3 հունիսի, 2017

Հայկական սուսերամարտի խնդիրներն ու Յանա Եգորյանին Հայաստան չհրավիրելու պատճառը (ֆոտո)

Հայ սուսերամարտիկներն այս օրերին պատրաստվում են Եվրոպայի առաջնությանը, որն անցկացվելու է  հունիսի 11-17-ը Թբիլիսիում։ Բյուրեղավանում անցկացվող մարզումներից մեկին հետեւել է NEWS.am Sport-ի թղթակիցը: Նա ուղեւորվել է Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արտաշես Մադոյանի հետ:

Պարոն Մադոյան, ինչո՞ւ եք Երեւանից դուրս մարզվում: Ամեն անգամ այսպես ավտոբուսով երեխաներին տանո՞ւմ եւ բերո՞ւմ եք ։

Այո, միշտ ենք այդպես անում։ Բյուրեղավանում գտնվում է մեր միակ ակումբը։ Մնացած վայրերը, որտեղ մարզվում են սուսերամարտիկները մարզադպրոցներ են։ Ունենք մասնագիտացված մարզադպրոց Նորագավիթում մի քանի դահլիճներով, բայց վերանորոգման կարիք ունի, Արաբկիր համայնքում ունենք դպրոց, նաեւ Երեւանի հրաձգության մարզադպրոցում գործող սուսերամարտի դահլիճ կա։ Երեւանից բացի մարզադպրոցներ ունենք Վանաձորում եւ Գյումրիում։ Իսկ որպես ակումբ, սա միակն է։ Բյուրեղավանում մարզվող շատ երեխաներ ունենք, մեր առաջատար մարզիկներն էլ այս ակումբի սաներ են։ Այստեղ պայմանները շատ լավն են, ուրիշ որեւէ մարզադպրոցում սուսերամարտի համար այսպիսի պայմաններ չունենք։ Ամեն անգամ գալիս ենք այստեղ մարզվում եւ վերադառնում քաղաք արդեն շուրջ 10 տարի։

Այսօրվա եւ մեր հետագա մյուս օրերի մարզումներն ուղղված են Եվրոպայի մեծահասակների առաջնությանը, որտեղ հանդես կգանք 6 մարզիկով՝  խոցասուսերակիրներ Էմմա Պողոսովա, Էդուարդ Օվիկյան, Միքայել Ղազարյանը, Ռազմիկ Վարդանյանը եւ ճկասուսերակիրներ Վահագն Մորիկյանը, Մայքլ Հովհաննիսյանն ու Պարգեւ Ստեփանյանը: Հույսեր ու մեծ սպասումներ այդքան էլ չունենք, քանի որ մեծահասակների առաջնություն է, իսկ մեր մարզիկները դեռ նոր են երիտասարդներից անցել մեծահասակներ։

Աշխարհի երիտասարդական առաջնությունում խոցասուսերակիր Էմմա Պողոսովան 5-րդ տեղ զբաղցրեց, որն անկախ Հայաստանի սուսերամարտի պատմության մեջ լավագույն արդյունքն է։ Որքանո՞վ է փոխվել սպորտային ղեկավարության ուշադրությունը մարզաձեւի նկատմամբ այս արդյունքից հետո։

Եթե անկեղծ, վերաբերմուքնի տարբերություն այդքան էլ չենք տեսնում։ Ուշադրությունը պետք է լինի ֆինանսավորումը, բայց պետբյուջեից այս տարվա համար արդեն ֆինանսավորվել ենք, եւ Էմմա Պողոսովայի արդյունքը մեր ֆինանսավորման վրա չէր կարող ազդել։ Եվրոպայի առաջնությունից սպասելիքներ չունենք, քանի որ ֆինանսի խնդիր ունենք։ Մենք մեր մարզիկներին պատշաճ պատրաստման փուլ չենք տալիս, գումարից ելնելով։ Եվրոպայից առաջ չկարողացանք հավաք կազմակերպել։

Որքա՞ն է ֆեդերացիայի բյուջեն։

14 միլիոն 600 հազար դրամ է: Այս գումարը երեք մրցաոճերի համար է՝ խոցասուսեր, ճկասուսեր եւ թրասուսեր։ Այս գումարով պետք է անցկացնենք մեծահասակների, երիտասարդների եւ պատանիների, աղջիկների եւ տղաների Հայաստանի առաջնություններ ու դեռ հավաքական թիմ պատրաստենք, աշխարհի, Եվրոպայի առաջնության մասնակցենք։ Գումարը շատ քիչ է։ Ինչպես թենիսում, այս մարզաձեւում էլ բազմաթիվ միջազգային մրցաշարեր կան, աշխարհի գավաթի խաղարկության փուլեր, «Մեծ մրցանակի» մրցաշարեր, որոնց ուղղակի չենք մասնակցում, քանի որ չենք կարող։ Բայց մեր մարզիկներին փորձ է պետք ձեռք բերել, մրցակցություն զգալ։  

ՀԱՕԿ-ի հետ համագործակցությունն ինչպիսի՞ն է, ի՞նչ աջակցություն է ցուցաբերում:

ՀԱՕԿ-ն առանձնապես աջակցություն չի ցուցաբերում մեզ։ Օրինակ՝ վերջին անգամ Ծաղկաձորում հավաք ենք անցկացրել 2 տարի առաջ։ Հիմա գումար չունենք, որ գոնե այնտեղ հավաք անենք։

Եվրոպայի առաջնությունից մեկ ամիս անց՝ հուլիսի 19-ին Գերմանիայում մեկնարկում է  աշխարհի մեծահասակների առաջնությունը։ Այստեղ կմասնակցի միայն Էմմա Պողոսովան եւ գուցե եւս մեկը տղաներից։ Դեռ պարզ չէ։ Բայց ֆեդերացիան եւ մարզչական շտաբը որոշել են անիմաստ մարզիկներին չպատրաստել, քանի որ Գերմանիա ուղարկելու հնարավորություն չունենք։ Այդ մեկ ամվսա ընթացքում այնքան միջազգային մրցաշարեր կան, որոնք նախատեսված են հենց մարզիկներին մարզավիճակի գագաթնակետում պահելու, աշխարհի առաջնությանը պատրաստելու համար։ Մեզ էլ են պետք չէ՞ այդ մրցումները, փորձ ձեռք բերելը։ Սա է մեր ցավոտ տեղը, որ չենք կարողանում մրցումների մասնակցել։ Մեծ ներուժ ունենք, իրոք... Մեկ մարզիկի համար, որ կարողանա թեկուզ տարվա օրացուցային պլանով նախատեսված մրցումների կեսը մասնակցել, ամենաքիչը 7-8 մլն դրամ գումար է անհրաժեշտ, իսկ մենք ունենք ընդամենը 14 մլն՝ ամբողջ տարվա ու բոլորի համար։ Ավելանալու հույս էլ չունենք։

Ի՞նչ ժողովրդականություն ունի սուսերամարտը Հայաստանում եւ որքանո՞վ է այն սիրված։

Շուրջ 500 մարզվող երեխա ունենք այս պահին։ Դա շատ չէ, բայց սուսերամարտի համար քիչ էլ չէ։ Այնպես չէ, որ նվազում է մարզիկների թիվը, բայց չի էլ ավելանում։ Երեխաները գալիս են, մի որոշ ժամանակ մարզվելուց հետո հիասթափվում են՝ պայմանավորված մրցումների չմասնակցելով, մրցահարթակ դուրս չգալով, զենքերի, մարզագույքի բացակայությունով։ Ով կարողանում է հաղթահարել այդ հիասթափության շրջանը, սիրահարվում է մարզաձեւին։

Կա՞ կապ ֆեդերացիայի եւ կրկնակի օլիմպիական չեմպիոն Յանա Եգորյանի միջեւ։  Ինչո՞ւ ֆեդերացիան վարպետության դասերի հրավեր չի անում նրան։  

Ես եւ մեր ամբողջ ֆեդերացիան շատ ուրախ ենք, որ նա հայ է, կրկնակի օլիմպիական չեմպիոն է, բայց իրականում նա Հայաստանի հետ կապ չունի։ Նա իր բոլոր հաջողություններին հասել է Ռուսաստանում։ Յանա Եգորյանին Հայաստանում վարպետության դասեր անցկացնելու համար հրավիրելու խնդիր ունենք, քանի որ նրա մրցաձեւը թրասուսերն է, ինչը Հայաստանում չի կիրառվում։ Մենք թրասուսերի աղջիկների Հայաստանի առաջնություն ընդհանրապես չենք անցկացնում։ Առիթ լինի, անպայման կհրավիրենք, սիրով կընդունենք նրան: Դա եւս մեկ անգամ մարզաձեւի պրոպագանդա կլինի եւ գովազդ։

Լուսինե Շահբազյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով