16:40  ,  2 հունիսի, 2017

Ռոման Ամոյանը նշանակվել է սպորտի նախարարի խորհրդական

Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի հրամանով հունահռոմեական ոճի ըմբշամարտի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն եւ աշխարհի առաջնության բազմակի մրցանակակիր Ռոման Ամոյանը նշանակվել է նախարարի խորհրդական՝ հասարակական հիմունքներով:

«Ռոման Ամոյանը մեր անվանի եւ հայկական սպորտում մեծ ավանդ ունեցող մարզիկներից է, ով ավարտելով իր ակտիվ մարզական գործունեությունը՝ իմ առաջարկով ստանձնում է նախարարի խորհրդականի պաշտոնը, որը լինելու է հասարակական հիմունքներով: Վստահ եմ, որ Ռոման Ամոյանն աչքի կընկնի նաեւ ադմինիստրատիվ աշխատանքում»,- ասել է նախարարը: 

Ռոման Ամոյանը շնորհակալություն է հայտնել նախարար Ռոստոմյանին վստահության համար եւ ասել, որ աշխատելու է ուժերի առավելագույն լարումով ու ձգտելու է իր գիտելիքները ներդնել հայկական սպորտի զարգացման գործում:

«Լավատեղյակ եմ սպորտում առկա բոլոր երեւույթներին, ընթացակարգերին, ուսումնամարզական ու մրցումային պրոցեսներին: Այս բոլորը կօգնեն ինձ լինել օգտակար հայկական սպորտին նաեւ խորհրդականի պաշտոնում»,- նշել է Ռոման Ամոյանը, փոխանցում է նախարարության կայքը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում